Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը
Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:
Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները՝ քաղաքապետի մամուլի քարտուղարը դժվարանում է ասել՝ պարզաբանելով, որ գործընթացը ՀՀ կառավարությունն է իրականացնում, իսկ քաղաքապետարանը զուտ տեխնիկական միջնորդի դեր է խաղում գործընթացում:
Քաղաքապետի մամուլի խոսնակը մեկնաբանեց նաև այն հարցը, թե ըստ քաղաքապետարանի ծրագրերի՝ մոտավոր ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել Աջափնյակի մետրոյի կայարանը:
«Այդպիսի կոնկրետություն այդ հարցում դժվար է մտցնել: Գործընթացը առանց այդ էլ շատ է ձգձգվել: Բայց փաստն այն է, որ գործը, համենայն դեպս, ընթացքի մեջ է», – պատասխանեց Կարապետյանը: