2011Թ.-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ Է
2011 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով, տարվա ընթացքում առաջին անգամ, Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կրճատվել է: Հաշվետու ժամանակահատվածում զգալի նվազել են երկրի պետական բյուջեի ծախսերն, ինչն, ըստ վերլուծաբանների, բյուջեի վերահսկողության ուղղությամբ Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող արդյունավետ քաղաքականության արդյունք է:
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների` տնտեսության համախառն ծավալով Եվրոգոտու երկրորդ խոշոր երկրի պետական բյուջեի պակասուրդը 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով կազմել է 97.2 մլրդ եվրո: Նշենք, որ 2010 թվականի այս նույն ժամանակահատվածում Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել էր 140.7 մլրդ եվրո:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին Ֆրանսիայի բյուջեի ծախսերը կազմել են 335.3 մլրդ եվրո` նախորդ տարվա այս նույն ժամանակահատում գրանցված 382.7 մլրդ եվրո ցուցանիշի դիմաց, իսկ եկամուտներն աճել են` կազմելով շուրջ 247 մլրդ եվրո: