
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԵՎՍ 3 ԲԱՆԿ
Հունաստանի կենտրոնական բանկը հետ է վերցրել տարածաշրջանային 3 առևտրային բանկերի բանկային գործունեության լիցենզիաները: Ինչպես նշվում է Հունաստանի բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` այս բանկերի գործունեության դադարեցման պահին բանկերում ներդրված ավանդների համախառն ծավալը չի գերազանցել 300 մլն եվրոն:
Հատկանշական է, որ հարկադրմամբ գործունեությունը դադարեցրած այս երեք բանկերից մեկը` Ֆեսսալիի Կոոպերատիվ Բանկը, հիմնադրվել է 1900 թվականին և համարվում է Հունաստանի ամենահին բանկը, որը ստեղծվել է տեղի արտադրողների ուժերով:
Նշենք, որ Հունաստանի բանկային համակարգը ներկայումս` երկրի պարտքային ճգնաժամի պայմաններում, գտնվում է բավականին ծանր վիճակում: Հունաստանի բանկերն արդեն մի քանի տարի պայքարում են ավանդների արտահոսքի և երկրի նկատմամբ ներդրողների վստահության անկման դեմ: