
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Հունաստանին անհրաժեշտ չի լինի Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հատկացվող օգնության վարկային ծրագրի երրորդ փաթեթը, եթե երկիրը կարողանա ժամանակին իրականացնել իր առջև դրված՝ պետական բյուջեի պակասուրդի կրճատման պահանջն ու դրան զուգահեռ ապահովել տնտեսական աճի վերականգնում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի ֆինանսների նախարար Ֆիլիպոս Սախինիդիսը՝ ընդգծելով, որ Հունաստանը պարտավորված է իրականացնել իր առջև դրված պահանջները, ինչի ապահովման պարագայում միայն երկրի կառավարությունը ստիպված չի լինի ձեռնարկել պետական բյուջեի ծախսերի կրճատման ուղղությամբ նոր քայլեր:
Հունաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կանխատեսման համաձայն՝ երկրի տնտեսությունը աճ կապահովի արդեն 2013 թվականից:
Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով, ըստ նախնական գնահատականների, երկրի տնտեսությունը կրճատվել է 7%-ով:
Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկերդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին: