Հնդկաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 6.5% մակարդակում
Հնդկաստանի Կենտրոնական բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը պահել 6.5% մակարդակում, իսկ տարվա համար սպասվում է 5.1% գնաճը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հնդկաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Շակթիկանտա Դասը։
«Հնդկական տնտեսությունը և ֆինանսական հատվածը, աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին, առանձնանում են իրենց կայունությամբ և դինամիկությամբ։ Այս դժվար պահին Կենտրոնական բանկը շարունակում է կենտրոնանալ գների և ֆինանսական կայունության պահպանման վրա՝ երաշխավորելով ֆինանսական ռեսուրսների հոսքը։ Հաշվի առնելով մակրոտնտեսական իրավիճակը և կանխատեսումները՝ հանձնաժողովը միաձայն որոշել է հիմնական տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.5%»,- Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստի արդյունքներն է ամփոփել Դասը:
Նրա խոսքով, Կենտրոնական բանկն ակնկալում է նաև, որ 2023-2024 ֆինանսական տարում երկրի ՀՆԱ-ն կաճի 6.5%-ով։
Խոսելով գնաճի մասին՝ ԿԲ նախագահը նշել է, որ այն դանդաղել է մարտ-ապրիլին՝ հասնելով 4.7%: Սա ամենացածր մակարդակն է 2021-ի նոյեմբերից ի վեր։ Տարվա ընթացքում ակնկալվում է սպառողական արժեքների աճ 5.1% մակարդակում։