ԱՄՀ-ԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ «ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Հունաստանին չի հաջողվի սահմանված ժամկետներում հասնել պետական պարտքի նպատակային մակարդակին, ինչը երկրորդ ֆինանսական օգնության փաթեթով հերթական վարկային տրանշը ստանալու գլխավոր նախապայմանն է: Այսպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը:
ԱՄՀ վերլուծաբանների գնահատմամբ՝ մինչև 2017 թվականը Հունաստանի պետական պարտքը կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 152,8%-ը՝ այն դեպքում, երբ երկրից «պահանջվում է» ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 137,3%-ին:
Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունը կրճատվել էր 7%-ով:
Հունաստանի վարկատու «Եռյակ միության»՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ-ի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին: