
ՀՊՏՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կստեղծվի հետազոտական կենտրոն, որի նպատակն է լինելու խրախուսել եւ աջակցել երկրի տնտեսական քաղաքականության հիմնախնդիրների ուսումնասիրությունը:
Կենտրոնի ստեղծման հարցը քննարկվել է համալսարանի խորհրդի նիստի ժամանակ: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը նման կառույցի ձեւավորման անհրաժեշտությունը հիմնավորել է կրթության որակի եւ մրցունակության բարձրացման հանգամանքով:
ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, հնարավոր է համարել հետազոտական կենտրոնի համագործակցությունը խորհրդարանի համապատասխան կառույցների հետ: