ՎԶԵԲ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 5% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել և արդյունքում մեկ տոկոսային կետով բարելավել է 2013 թվականի համար Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը: Այսպես, Բանկի վերլուծաբաններն ընթացիկ տարվա համար կանխատեսում են մեր երկրի տնտեսության 5% աճ: Նշենք, որ նախորդ՝ հոկտեմբերյան կանխատեսումներում ՎԶԵԲ-ը 2013 թվականի համար կանխատեսել էր 4% աճ:
ՎԶԵԲ-ի գնահատմամբ՝ 2012 թվականին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 6%, ընդ որում՝ աճին առավելապես նպաստել է հանքարդյունաբերության և արտադրության ոլորտների թողարկման ծավալների աճը:
ՎԶԵԲ-ի դիտարկմամբ՝ մեր երկրի տնտեսության կախվածությունը արտերկրից ստացվող դրամական միջոցներից շարունակում է պահպանվել: Այս համատեքստում, ըստ ՎԶԵԲ-ի վերլուծաբանների, տնտեսությանը սպառնացող ռիսկերն առաջին հերթին պայմանավորված են արտաքին միջավայրի անորոշությամբ, ինչպես նաև ներքին ֆինանսական հատվածի դոլարիզացիայի բարձր մակարդակով: