ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԿՐՃԱՏԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ
2012 թվականի արդյունքներով Հունաստանի պետական բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 8,1%-ը՝ 2011 թվականին գրանցված 10,9% ցուցանիշի դիմաց: Այս մասին հաղորդում է Հունաստանի ֆինանսների նախարարությունը:
Բացարձակ արտահայտությամբ բյուջեի պակասուրդը կազմել է 15,7 մլրդ եվրո, ինչը «համապատասխանում է» Հունաստանի վարկատուների՝ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից նախանշված թիրախային ցուցանիշին:
Սպասվում է, որ 2013 թվականին ևս Հունաստանի կառավարությունը կշարունակի իր «տնտեսող» քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Հունաստանի վարկատուները՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը, հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկու փաթեթ՝ 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: