«ՓՄՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՇՈՒՐՋ 51%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՐԶԵՐԻՆ
Իր գործունեության մոտ 3.5 տարիների ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տրամադրել է շուրջ 100 վարկ` ընդհանուր 6.5 մլրդ ՀՀ դրամի չափով: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը՝ 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային պորտֆելի մնացորդը կազմել է շուրջ 5 մլրդ. ՀՀ դրամ, որից 83.2%-ը բաժին է ընկնում արդյունաբերությանը, 10.1%-ը` գյուղատնտեսությանը, իսկ մնացած մասը` այլ ոլորտներին:
Հատկանշական է, որ ՀՀ-ում տարածքային համաչափ զարգացմանը նպաստելու համար նախապատվությունը տրվում է այն ծրագրերին, որոնց նախաձեռնողները գործունեություն են ծավալում ՀՀ մարզերում: Կազմակերպության վարկային պորտֆելի շուրջ 51%-ը տեղաբաշխված է ՀՀ մարզերում:
Ըստ ներկայացված տվյալների՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ընկերության կողմից ֆինանսավորման արդյունքում ոչ միայն պահպանվել են ՓՄՁ սուբյեկտների գործող աշխատատեղերը, այլև դրանց թիվը ավելացել է շուրջ 250-ով, իսկ ֆինանսավորված ծրագրերի ամբողջական իրագործման արդյունքում նախատեսվում է այդ թիվը ավելացնել ևս 200-ով:
Նշենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն (ՈՒՎԿ) փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2009թ. հունիսին: Սկզբնական շրջանում ընկերությունը ֆինանսավորում էր ՀՀ վարչապետին կից գործող Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի կողմից հավանության արժանացած գործարար ծրագրերը: Հետագայում ընկերությունը սկսեց ինքնուրույն ներգրավել ֆինանսավորման կարիք ունեցող ՓՄՁ սուբյեկտներին:
Վարկային կազմակերպության առաքելությունն է նպաստել ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի և տարածաշրջանների համաչափ զարգացմանը, օժանդակել և հուսալի գործընկեր դառնալ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատերերի համար:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ընկերության կողմից ֆինանսավորման աղբյուր են հանդիսացել 2009 թվականին ՌԴ կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունից ներգրավված վարկային միջոցները: Ընկերության կողմից ֆինանսավորվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են նոր լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, նոր արտադրության կազմակերպմանը կամ արտադրության ընդլայնմանը, ներմուծման փոխարինմանը, արտահանող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրության կազմակերպմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող արտադրությանը, տեղական հումքի և ռեսուրսների օգտագործմանը:
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, կապիտալ ներդրումների և շրջանառու կապիտալի համալրման նպատակով, մինչև 5 տարի մարման ժամկետով (մինչև 2 տարի վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով): Վարկերի տարեկան միջին էֆեկտիվ տոկոսադրույքը կազմում է 11%: