2012Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 10,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների վերաբերյալ կատարողականը:
Ըստ այդմ՝ ճշգրտված ցուցանիշներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2012 թվականին հատկացվել է 10 մլրդ 564 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,85 տոկոս: Ամբողջությամբ իրականացվել են նախատեսված 21 բյուջետային ծրագրերը: Դրանցում մեծ տեսակարար կշիռ է ունեցել դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծրագիրը. այդ նպատակով հատկացվել եւ ծախսվել է 6 մլրդ 610 մլն դրամ: Մի շարք երկրներում բացվել են դեսպանություններ, ամբողջությամբ վճարվել են միջազգային կազմակերպությունների անդամակցության անդամավճարները եւ այլն: ԱԳՆ աշխատակազմի պահպանման ծրագրով հատկացվել է 171 մլն դրամ: Կատարողականը կազմել է գրեթե 100 տոկոս: