
IATA-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
2013 թվականի արդյունքներով համաշխարհային ավիափոխադրող ընկերությունների համախառն շահույթը տարեկան կտրվածքով կաճի շուրջ 20%-ով և կկազմի 12,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ համախառն հասույթը՝ 711 մլրդ ԱՄՆ դոլար: Նման կանխատեսում է ներկայացրել Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA):
Սպասվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով համաշխարհային ավիաընկերությունների ծառայությունից օգտված ուղևորների ընդհանուր թիվը կհատի 3 մլրդի սահմանագիծը, իսկ փոխադրված բեռների ծավալը կկազմի 52,1 մլրդ տոննա:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարում Լատինական Ամերիկայում ավիափոխադրողների զուտ շահույթը կկազմի 0,6 մլրդ ԱՄՆ դոլար, Եվրոպայում՝ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ասիական ավիաընկերությունները տարին կամփոփեն 4,6 մլրդ ԱՄՆ դոլար շահույթով: