
Թվային դրոշմավորման առցանց քննարկում՝ մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների հետ
Նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման թեմայով տնտեսվարողների հետ առցանց հանդիպումները շարունակվում են։ Հերթական հանդիպումը մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների հետ էր․ օրակարգում՝ ապրանքների թվային դրոշմավորման գործընթացի, մասնավորապես, մանրածախ վաճառքի կետերում նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի ճիշտ կազմակերպման, ինչպես նաև վարչարարության հետ կապված հարցերն էին։
Առցանց քննարկմանը մասնագետները ներկայացրել են նաև դրոշմավորված ապրանքների վաճառքի ժամանակ ի հայտ եկող հնարավոր խնդիրների լուծման տարբերակները, ինչպես նաև տեղեկացրել են սպասվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի մասին։ Հանդիպումն անցել է ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափով։ Ի դեպ, տնտեսվարողները հնարավորություն ունեն շաբաթը երկու անգամ մասնակցել առցանց քննարկումներին ու պարզաբանումներ ստանալ հենց պատասխանատուներից։