
Վրաստանում օրական միջինում գրանցվում է մինչև 800 ավտոմեքենա
Վրաստանում օրական միջին հաշվով գրանցվում է մինչև 800 ավտոմեքենա, ինչի մասին վկայում են առցանց սպասարկման ծառայության տվյալները։
BusinessPressNews-ը մեկ շաբաթ շարունակ հետևել է վիճակագրությանը և պարզել, որ օրական գրանցվում է 500-800 մեքենա։
Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի փոխնախագահ Մեվլուդ Մելաձեն BusinessPressNews-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ երկրում մեքենաների թվի շարունակական աճը պայմանավորված է ոչ միայն հասարակական տրանսպորտի անհարմարությամբ, այլև բնակչության ծանր սոցիալական վիճակով:
Նրա խոսքով՝ այսօր Վրաստանում մարդկանց մեծ մասը կայուն աշխատանք չունի, ուստի ավտոմեքենան նրանց համար միայն փոխադրամիջոց չէ, այլև եկամտի աղբյուր։
«Եթե մեքենաները հավասարապես բաշխված լինեին Վրաստանի ողջ տարածքով, դա շատ լավ կլիներ, քանի որ մարզերի զարգացման համար տրանսպորտ անհրաժեշտ է։ Բայց ցավոք, մեքենաների մեծ մասը կենտրոնացած է Թբիլիսիում և մի քանի կենտրոնական քաղաքներում։ Արդյունքում՝ մենք ունենում ենք ծանրաբեռնված փողոցներ։ Փողոցները չեն ընդլայնվում, կայանատեղիների թիվը չի ավելանում, մինչդեռ մեքենաների քանակն անընդհատ աճում է՝ չնայած այն բոլոր սահմանափակող միջոցառումներին, որոնք ձեռնարկում է պետությունը՝ ավտոպարկը զսպելու և հասարակական տրանսպորտը խթանելու համար։ Ես սկզբից էլ ասել եմ՝ մասնավոր ավտոմեքենաների թիվը չի նվազի։ Եթե նույնիսկ մնացած ամեն ինչ հաշվի չառնենք, ապա միայն մայրաքաղաքի և այլ քաղաքների աշխարհագրությունն արդեն բավական է՝ հասկանալու, որ հասարակական տրանսպորտը չի կարող այնքան ճկուն լինել, որպեսզի լիարժեք փոխարինի անձնականին։ Կան բազմաթիվ դժվարամատչելի վայրեր, բացի այդ, հաճախ պետք է մեծ հեռավորություններ հաղթահարել։ Եթե ինչ-որ մեկի համար հարմար է հասարակական տրանսպորտով հասնել A կետից B կետ, ապա նա կօգտվի դրանից, բայց շատ դեպքերում դա պարզապես անհնար է։ Այդպիսի պայմաններում անհնար է կանգնեցնել մեքենաների քանակի աճը, եթե չլինեն հարյուրավոր մետրոյի կայարաններ ողջ երկրով մեկ՝ ուր էլ նայես, մետրոյի մուտք լինի։ Բացի այդ, մեր բնակչության մոտ 80%-ը մի աշխատանքով չի ապրում։ Ցավոք, շատերը ստիպված են լինում շարժվել տարբեր հասցեներով, և ուզես, թե չուզես՝ տրանսպորտ պետք է։ Ահա թե ինչու մեզ մոտ մարդը կարող է սեփական տուն չունենալ, հարմարություններ չունենալ, բայց մեքենա հաստատ կունենա, քանի որ այն և փոխադրամիջոց է, և եկամտի աղբյուր»։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։