
Գերմանիան կոչ է արել ԱՄՆ-ին չհետաձգել մաքսատուրքերի վերացումը
ԱՄՆ իշխանությունների կողմից եվրոպական ավտոմեքենաների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը լուրջ բեռ են ստեղծել Գերմանիայի արտահանման վրա հիմնված տնտեսության համար։ Այդ մասին հայտարարել է ԵՄ առաջատար տնտեսության՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Մայերը։
Նրա խոսքով՝ այդ տուրքերը պետք է արագ նվազեցվեն՝ համաձայն Վաշինգտոնի և Բրյուսելի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
Մայերը նաև հստակեցրել է, որ ԵՀ-ի բանակցությունները համատեղ հռչակագրի շուրջ շարունակվում են։ Գերմանիայի կառավարությունը այս հարցում լիարժեք աջակցություն է ցուցաբերում ԵՀ-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոմեքենաների մաքսատուրքերի հնարավոր արագ նվազեցման վերաբերյալ նման հույսեր ունի նաև ԵՀ-ն։ Վերջինիս ներկայացուցիչներին մտահոգում է այն փաստը, որ տուրքերի նվազեցումը նախատեսված էր գործի դնել օգոստոսի 1-ին, սակայն ԱՄՆ նախագահի համապատասխան որոշումը մինչ օրս չի հրապարակվել։
Միևնույն ժամանակ Գերմանիայի ավտոարդյունաբերությունն արդեն նախազգուշացրել է լրացուցիչ միլիարդավոր դոլարների ծախսերի մասին, որոնք շարունակում են աճել։
Հուլիսի վերջում հրապարակված կանխատեսումներով՝ ԱՄՆ մաքսատուրքերից Գերմանիայի կորուստները կարող են հասնել տարեկան մինչև 31 միլիարդ եվրոյի, իսկ միջնաժամկետ հեռանկարում Գերմանիայից ԱՄՆ արտահանման ծավալը կարող է կրճատվել 20%-ով։