
Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական բուլլինգի մեջ
Վաշինգտոնն օգտագործում է մաքսատուրքերն իբրև զենք և խախտում է ԱՀԿ նորմերը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուեյը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, որը երկար ժամանակ մեծ օգուտ էր ստանում ազատ առևտրից, այժմ անցել է միակողմանի գործողությունների, պրոտեկցիոնիզմի և տնտեսական բուլլինգի։ Դիվանագետը նշել է, որ Սպիտակ տունը սկսել է ուժեղ ճնշում գործադրել բազմաթիվ երկրների վրա, այդ թվում՝ BRICS-ի անդամների։ Այս քաղաքականությունը, ըստ նրա, տանում է բազմակողմ առևտրային համակարգի դեգրադացման, աշխարհատնտեսական կարգի ապակայունացման և մի շարք երկրների օրինական շահերի խախտման։
Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանն, ինչպես նախկինում, համոզված է, որ պրոտեկցիոնիզմը ապագա չունի և հանդես է գալիս սակագնային ու առևտրային պատերազմների դեմ։
Ավելի վաղ ուժի մեջ էին մտել 50%-անոց մաքսատուրքերն ընդդեմ Հնդկաստանի, որոնք ԱՄՆ-ն սահմանել էր այդ երկրի կողմից ռուսական նավթի գնման պատճառով։
Դրանից հետո ԱՄՆ նախագահի՝ առևտրի և արտադրության հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն տարակուսանք էր հայտնել Նյու Դելիի՝ ռուսական էներգակիրների գնումը չդադարեցնելու որոշումից։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերը կարող էին անմիջապես մեկ քառորդով նվազել, եթե հարավաասիական երկրի իշխանությունները կատարեին Սպիտակ տան պայմանները։