Այս տարի հանրապետությունում խաղողի մթերման պահանջարկը կազմում է ավելի քան 170 հազար տոննա
Հանրապետությունում մեկնարկում են խաղողի մթերման աշխատանքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ այս տարի խաղողի մթերման պահանջարկը կազմում է ավելի քան 170 000 տոննա: Նշենք, որ նախորդ տարի հանրապետությունում մթերվել էր շուրջ 156 000 տոննա խաղող:
Մի քանի մթերող ընկերություններ, այդ թվում` Երևանի կոնյակի գործարանը, հայտարարել են, որ պատրաստ են ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող, ինչը, գյուղատնտեսության նախարարության հավաստմամբ, վկայում է, որ այս տարի խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան:
Նշենք նաև, որ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել էր ավելի քան 241 000 տոննա խաղող: Այս տարվա համար կանխատեսվում է, որ արտադրման ծավալները կպահպանվեն: