
Գերմանիայի տնտեսությունը շարունակում է թուլանալ
Գերմանիայի տնտեսությունը շարունակում է թուլանալ, իսկ տարվա երրորդ եռամսյակում, լավագույն դեպքում, պահպանել է ստագնացիայի մակարդակ։ Այդ եզրակացությանն են հանգել Գերմանիայի Դաշնային բանկի փորձագետները:
Պարզվել է, որ Գերմանիայի արդյունաբերությունը բախվում է կառուցվածքային խնդիրների, ինչպես նաև ԱՄՆ-ի մաքսատուրքերի բացասական ազդեցությանը։ Բացի այդ, արտադրական հզորությունների ցածր օգտագործումը սահմանափակում է ներդրումները, իսկ շինարարական ոլորտի վերականգնումը դեռ հեռու է իրականությունից։ Ինչ վերաբերում է մասնավոր սպառմանը, ապա եթե այն էլ աճել է, ապա՝ շատ չնչին չափով։
ԵՄ խոշորագույն տնտեսությունը փորձում է դուրս գալ ճգնաժամից, որն արդեն երկու տարի շարունակ արտահայտվում է արտադրության կրճատմամբ։ Սակայն Բունդեսբանկի նախագահը կարծում է, որ մինչև տարվա վերջ Գերմանիան, այնուամենայնիվ, կկարողանա ցույց տալ որոշակի տնտեսական աճ։
Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ 2025 թվականի օգոստոսի արդյունքներով Գերմանիայից ԱՄՆ արտահանվող արտադրանքի ընդհանուր ծավալը նվազել է 2.5%-ով՝ հուլիսյան ցուցանիշների համեմատ։ Նշվում է, որ հենց ամերիկյան շուկան է գերմանական արտադրողների համար հիմնական արտահանման ուղղություններից մեկը։