
ՊԵԿ-ը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ, որի նպատակն է ապահովել խաղային ոլորտի թափանցիկությունը, պատասխանատու և արդար կարգավորումը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ձևավորված Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ, որի նպատակը ոլորտի նկատմամբ վերահսկողական պատշաճ համակարգի ամրապնդումն ու հետագա արդյունավետ գործունեությունն ապահովումն է։
Ի՞նչ պարտավորություն ունի օպերատորը
Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարության արդյունքներով հաղթող ճանաչված հայտատուն պարտավոր է Հայաստանում ստեղծել նոր ընկերություն, որի հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 15 տարի ժամկետով կնքելու է պայմանագիր՝ օրենքով օպերատորի վրա դրված գործառույթների իրագործումն ապահովելու նպատակով։ Օպերատորի ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջոցներով։
Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու օպերատորը
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատորին վերապահվելու են հետևյալ գործառույթները․
- Վկայագրեր և սերտիֆիկացում. Տրամադրում, երկարաձգում և դադարեցնում է օպերացիոն վկայագրերը, սահմանում է դրանց ժամկետներն ու վճարները, ապահովում է խաղային արտադրանքների սերտիֆիկացում կամ միջազգային լաբորատորիաների սերտիֆիկատների հաստատում։
- Մոնիտորինգ և տեխնիկական վերահսկողություն․ Միացնում է խաղային արտադրանքները մոնիտորինգային կենտրոնին, ապահովում է կենտրոնի բնականոն աշխատանքը, իրականացնում է գործարքների ու հաշվառման տվյալների մոնիտորինգ, վերլուծություն ու ռիսկերի գնահատում, տրամադրում է վերահսկող մարմնին հեռահար հասանելիություն։
- Քաղաքականություն և ստանդարտներ․ Ներկայացնում է առաջարկություններ մոնիտորինգային կենտրոնի տեխնիկական չափանիշների, «պատասխանատու» և «արդար խաղի» կանոնների, ինչպես նաև արտադրանքների ստանդարտների վերաբերյալ։
- Համագործակցություն և խորհրդատվություն․Համագործակցում է պետական մարմինների հետ, տրամադրում է խորհրդատվություն, տեղեկացնում է շուկայի վիճակի, բարելավումների և ռիսկերի մասին, տալիս է կարծիք խաղացողների բողոքների վերաբերյալ։
Կազմակերպիչների հետ փոխհարաբերություններ․ Կնքում է ծառայությունների պայմանագրեր, ապահովում է կազմակերպիչների համար սահմանափակված անձանց վերաբերյալ տվյալների հասանելիություն, հայտնաբերված խախտումների մասին տեղեկացնում է լիազոր մարմիններին։ - Ֆինանսական և վարչարարական հարցեր․ Սահմանում և հրապարակում է ծառայությունների գները (առավելագույն շեմի սահմաններում), ապահովում է անձնակազմի «փոխկապակցված չհամարվելու» պահանջը, պահպանում է ստացված տեղեկատվության գաղտնիությունը։
- Շուկայի մոնիտորինգ։ Իրականացնում է խաղային շուկայի ընդհանուր մոնիտորինգ՝ ներառյալ խաղանիշերի, շահումների, արտադրանքների և իրադարձությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն։
Որո՞նք են օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության գործընթացում սահմանվում են մի շարք հիմնական պահանջներ, որոնք վերաբերում են ֆինանսական և տնտեսական, մասնագիտական, աշխատանքային, ինչպես նաև տեխնիկական կարողություններին․
1․Ֆինանսական և տնտեսական կարողություն
Թեկնածուն պետք է ունենա բավարար ֆինանսական կայունություն, կարողանա ապացուցել իր ֆինանսական առողջությունը, ունենա ազատ դրամական հոսքեր և հասանելի ֆինանսավորում, հետևաբար, պարտադիր են հետևյալ պահանջները․
Ֆինանսական առողջություն
- Վերջին երեք ֆինանսական տարիների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պետք է ցույց տան, որ թեկնածուն չի գտնվում անվճարունակության գործընթացներում, ինչպես նաև վկայեն նրա հետագա երկարաժամկետ շահութաբերության մասին։
- Թեկնածուի զուտ ակտիվների արժեքը պետք է լինի դրական, այսինքն ակտիվները պետք է գերազանցեն պարտավորությունները, իսկ կոնսորցիումի դեպքում՝ այս կետը պետք է բավարարեն բոլոր անդամներն առանձին-առանձին։
Սեփական կապիտալ
Թեկնածուն կամ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին պետք է ունենան առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։ Կոնսորցիումի դեպքում առաջատար անդամը պետք է ունենա առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, իսկ մնացած անդամներից յուրաքանչյուրն առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։
Ազատ դրամական հոսքեր
Թեկնածուն, իսկ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին ընդհանուր առմամբ պետք է ունենան առնվազն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով ազատ դրամական հոսքերը վերջին հաստատված ֆինանսական տարվա ընթացքում։
Հասանելի ֆինանսավորում
Թեկնածուն կամ կոնսորցիումի բոլոր անդամները ընդհանուր առմամբ պետք է հավաստեն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով հասանելի ֆինանսավորման մասին հետևյալ տարբերակներից առնվազն մեկով՝
- ազատ ներդրումային միջոցների ապացույցներ (ավանդ կամ արժեթղթեր՝ առանց գրավի), կամ
- նշված գումարի վարկավորումը պարտավորվող բանկի կամ բանկերի երաշխիքային նամակներով (բանկը պետք է համապատասխանի «Հուսալի բանկերի պահանջներին»)։
2․ Մասնագիտական կարողություն
Թեկնածուն պետք է ապացուցի, որ ունի գործնական փորձ խաղային ինտերնետային գործունեության մոնիտորինգի տեխնիկածրագրային համակարգի վերջնական նախագծման և ներդրման գործում, որն ապահովում է խաղանիշերի, խաղադրույքների, շահումների և խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում, հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում, զեղծարարության բացահայտում։ Այս կարողության մասով պահանջվող ապացույցները և պայմանները հետևյալն են․
- ծրագիրը պետք է ավարտված լինի վերջին 5 տարիների ընթացքում,
- պետք է բացակայեն չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ապացուցված դեպքերը,
- ներկայացնել հայտի ներկայացման պահին որևէ երկրում կիրառվող գործող օրինակ,
- ունենալ ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի հավաստագիր,
- ներկայացնել ծրագրի հաջող իրականացման և ներկայում կիրառման մասին պատվիրատուի երաշխավորագիր,
Եթե փորձը ստացվել է կոնսորցիումում, ապա թեկնածուն այդ կոնսորցիումում պետք է լինի առաջատար անդամ։ Կոնսորցիումի դեպքում այս չափանիշը կարող է բավարարվել անդամների միասնական որակավորումներով։
3․ Աշխատանքային ռեսուրսներ (թիմ)
Օպերատորի գործունեության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ, որն իր գործունեությունն իրականացնում է թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա՝ նպաստելով խաղացողների իրավունքների պաշտպանությանը, միջազգային չափորոշիչներին խաղային ոլորտի համապատասխանությանը և վերահսկողության բարձրացմանը: Հայտատուն պարտավոր է ներկայացնել նոր ստեղծվելիք օպերատոր ընկերության համար նախատեսվող նախագծային թիմի հիմնական կազմը՝ առնվազն 7 հիմնական մասնագետների ինքնակենսագրականները (CV)` կոնկրետ նախագծային փորձով.
- Գլխավոր տնօրեն` խոշոր ՏՏ համակարգերի ներդրման առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով (ներառյալ՝ խաղային վերահսկողություն կամ գործարքների մոնիտորինգ)։
- Տեղեկատվական համակարգերի ճարտարապետ՝ գործարքային տվյալների բազաների և իրական ժամանակում մոնիթորինգի համակարգերի ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով։
- Խաղային համապատասխանության մասնագետ՝ խաղային ոլորտը կարգավորող մարմինների հետ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասնագետ (AML/CFT)՝ Financial Action Task Force (FATF) չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման փորձով։
- Կիբերանվտանգության ղեկավար՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում առնվազն 7 տարվա աշխատանքային փորձով։
- Տվյալների պաշտպանության մասնագետ՝ General Data Protections Rules (GDPR) կամ համարժեք անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։
- Որակի ապահովման և հավաստագրման մասնագետ՝ Gaming Labs International (GLI) կամ համարժեք միջազգային փորձարկման և հավաստագրման գործընթացների իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։
Պայմանագրի կնքման պահին Օպերատոր ընկերության նշված պաշտոնները պետք է զբաղեցնեն հենց այն անձինք, որոնց ինքնակենսագրականները ներկայացվել են կամ համարժեք փորձով մասնագետներ՝ հիմնավորված փոխարինմամբ։ Կոնսորցիումի դեպքում թիմի պահանջները կարող են բավարարվել համատեղ։
4․ Տեխնիկական միջոցներ
Հայտատուն պարտավոր է ապահովել իր առաջարկին համարժեք ամբողջ տեխնիկական ենթակառուցվածքը և միջոցները, որոնք պահանջվելու են առաջարկի հարցման փուլում ներկայացված տեխնիկական առաջարկի իրագործման համար։
Ե՞րբ և ինչպե՞ս դիմել մրցույթին
Որակավորման հայտերը պետք է ներկայացնել առձեռն՝ թղթային տարբերակով ք․ Երևան, Դեղատան 3 հասցեով։ Հայտերը և կից փաստաթղթերը դիմումատուները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 18։00-ին։ Որակավորման հայտերը բացվելու են 2025 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 16։00-ին, ք․ Երևան, Մ․ Խորենացի 3, 7 հասցեում։
Լրացուցիչ տեղեկատվության դեպքում կարող եք զանգահարել (+374) 10 30 42 91 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարությանը և որակավորման հարցման հայերեն, անգլերեն և ռուսերեն ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: