Բիլ Գեյթսը Չինաստանին անվանել է ԱՄՆ-ի լուրջ մրցակից՝ միջուկային նորարարությունների ոլորտում
Չինաստանը դառնում է համաշխարհային առաջատար՝ փոքր մոդուլային և ջերմամիջուկային ռեակտորների ստեղծման մրցապայքարում, որոնք կարող են օգտագործվել տվյալների մշակման կենտրոնների էներգամատակարարման համար։ Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։
«ՉԺՀ-ի հաջողությունները ջերմամիջուկային սինթեզի և միջուկային բաժանման ոլորտներում իսկապես տպավորիչ են», – մեջբերում է նրա խոսքերը Bloomberg գործակալությունը։ Գեյթսի խոսքով՝ Չինաստանը ներդրում է անում ջերմամիջուկային սինթեզի ոլորտում երկու անգամ ավել, քան ամբողջ մնացած աշխարհը միասին, ներառյալ՝ ԱՄՆ-ն։
Գեյթսը միջուկային էներգետիկան համարում է ամենակարևոր աղբյուրը՝ տվյալների կենտրոններին անհրաժեշտ էներգիա ապահովելու համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնելու կարևոր միջոց։ Միլիարդատերը կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում «հավանաբար հենց միջուկային բաժանումը կամ ջերմամիջուկային սինթեզը կդառնան էլեկտրաէներգիա արտադրելու ամենաէժան եղանակները»։
BloombergNEF խորհրդատվական ընկերության ապրիլյան զեկույցի համաձայն՝ 2035 թվականին ԱՄՆ-ում տվյալների կենտրոններին կուղղվի ընդհանուր էլեկտրաէներգիայի սպառման մոտ 9%-ը, ինչը ավելի քան կրկնակի կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը։ Էներգիայի նկատմամբ աճող պահանջարկը կհանգեցնի միջուկային էներգետիկայի ծախսերի կտրուկ աճի՝ մոտ 350 միլիարդ դոլարով: Սա Bloomberg Intelligence ծառայության կանխատեսումն է։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

