Ուկրաինայում հայտնել են աշխատուժի պակասի մասին
Ուկրաինայում աշխատուժի պակասը կազմում է մոտ 30%, և գնալով ավելի շատ գործարարներ են հայտնում, որ չեն կարողանում համալրել թափուր աշխատատեղերը։ Այդ մասին հայտնել է երկրի Միգրացիոն քաղաքականության գրասենյակի ղեկավար Վասիլի Վոսկոբոյնիկը:
«Աշխատուժի ընդհանուր պակասը երկրում կազմում է շուրջ 30%», – նշել է նա։ Վոսկոբոյնիկը հատկապես ընդգծել է դասախոսների, բուժաշխատողների, շինարարների և ինժեներների խիստ պակասը, – «Կրթական համակարգում մոտ 40% թափուր աշխատատեղեր մնում են չլրացված։ Նույն ցուցանիշն է առողջապահության և շինարարության ոլորտներում։ Ջրային տնտեսություններում անձնակազմի պակասը հասնում է շուրջ 50%-ի։ Ավելին՝ գնալով շատ բիզնեսներ են հայտարարում, որ չեն կարողանում համալրել հաստիքները»:
Այս պայմաններում գործատուները սկսում են ավելի ակտիվորեն հրավիրել արտերկրյա աշխատողներին, և երկրում ավելի հաճախ են տրվում աշխատանքի թույլտվություններ օտարերկրացիներին։
Ուկրաինան անկախություն ստանալուց ի վեր բախվում է լուրջ ժողովրդագրական խնդիրների։ Ըստ Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գնահատականների՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներկայում բնակվում է մոտ 25-28 միլիոն մարդ։ Ուկրաինայի բնակչության թիվը այլևս երբեք չի վերադառնա խորհրդային մակարդակին, երբ հանրապետությունում ապրում էր մոտ 52 միլիոն մարդ։
ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի մամուլի ծառայության տվյալներով՝ 2024 թվականի աշնանը Ուկրաինայի բնակչությունը 2022 թվականի փետրվարից ի վեր նվազել է 8 միլիոնով։ Ներկայում երկրում երեք մահացածին բաժին է ընկնում միայն մեկ նորածին։
2024 թվականի հոկտեմբերին Կիևի տնտեսագիտական դպրոցի նախագահ Տիմոֆեյ Միլովանովը կանխատեսել էր, որ Ուկրաինայի իշխանությունները ստիպված կլինեն ներգրավել մոտ 10 միլիոն արտերկրյա աշխատող, որպեսզի պահպանեն երկրի տնտեսական կայունությունը։
