ՊԵԿ. ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքների ստացման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025թ․ դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։ Այն հասանելի է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջի «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում։ ՀՀ-ում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով` https://e-services.src.am հարթակի միջոցով։ Տեղեկանքը ևս դիմումատուին կտրամադրվի նույն հարթակի միջոցով:
Իրավաբանական անձանց և ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց և օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Տեղեկանքն ունի էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը դիմումատուն կարող է ստուգել «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում՝ մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը, կամ անցնելով https://verify.e-gov.am հղումով։ Օտարերկրյա գործընկեր կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել տեղեկանքի առկայությունը՝ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից տրամադրած համապատասխան QR կոդի կամ էլեկտրոնային հսկիչ ծածկագրի միջոցով։
Նշենք, որ տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
