Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ:
ՌԴ կողմը, բացի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովից, ներկայացրել են փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, պաշտոնատար այլ անձինք: Տիգրան Սարգսյանի գլխավորած աշխատանքային խմբում ընդգրկված էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, պաշտոնատար այլ անձինք:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հանդիպումից հետո կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Մաքսային միության միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:
ՀՀ վարչապետն այցելել է նաև Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիր, այնուհետև եղել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում տեղակայված Հայաստանի մշտական տաղավարում, ծանոթացել տաղավարի աշխատանքներին, ներկայացված ընկերությունների գործունեությանը: