Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 449.00-1.00
OIL:  BRENT - 62.28-0.13 WTI - 58.35-0.17
COMEX:  GOLD - 4480.60-0.05 SILVER - 71.03+0.77
COMEX:  PLATINUM - 2247.80-4.85
LME:  ALUMINIUM - 2939.00-0.20 COPPER - 12060.50+1.51
LME:  NICKEL - 15739.00+6.32 TIN - 42792.00-1.01
LME:  LEAD - 1982.50-0.10 ZINC - 3093.50+0.68
FOREX:  USD/JPY - 155.71+0.03 EUR/GBP - 1.1773-0.24
FOREX:  EUR/USD - 1.1773-0.24 GBP/USD - 1.3517-0.08
STOCKS RUS:  RTSI - 1092.43-0.01
STOCKS US: DOW JONES - 48731.16+0.60 NASDAQ - 23613.31+0.22
STOCKS US: S&P 500 - 6932.05+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 50344.10-0.14 TOPIX - 3407.37-0.46
STOCKS CHINA:  HANG SENG - 25818.93+0.17 SSEC - 3940.95+0.53
STOCKS EUR:  FTSE100 - 9870.68-0.19 CAC40 - 8103.58+0.00
STOCKS EUR:  DAX - 24340.06+0.00
24/12/2025  CBA:  USD - 381.46-0.09 GBP - 515.54-0.09
24/12/2025  CBA:  EURO - 449.97-0.14
24/12/2025  CBA:  GOLD - 54568+327 SILVER - 855.31+6.18
Առողջության համընդհանուր ապահովագրություն. ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը
25/12/2025 15:46
Կիսվել

Առողջության համընդհանուր ապահովագրություն. ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։ Ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) և հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող այն վարձու աշխատողները, որոնք՝

  • 2025 թ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

Այս դեպքում ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել և պահել 2025թ․ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից՝ ՀՀ պետական բյուջե փոխանցելով մինչև 2026թ․ հունվարի 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ նշված վարձու աշխատողն ապահովագրված անձի կարգավիճակ կստանա 2026 թ․ հունվարի 1–ից։ Ի դեպ, եթե հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձը նվազի, վարձու աշխատողը շարունակելու է ապահովագրավճար վճարել։

  • 2026 թ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։

Ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել, պահել և ՀՀ պետական բյուջե վճարել համապատասխան ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ այս կետում ներառված վարձու աշխատողներն ապահովագրված անձի կարգավիճակ կստանան ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից:

Ի գիտություն՝ մինչև 18 տարեկան, ինչպես նաև 65 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի վարձու աշխատողների համար գործատուի կողմից ապահովագրավճար չի հաշվարկվում։ Ապահովագրավճար չի հաշվարկում նաև աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից։

Հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուից աշխատավարձ ստացողներն ապահովագրավճարները հաշվարկում և վճարում են ինքնուրույն։

Նշենք, որ վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4 800 դրամ, իսկ 500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10 800 դրամ։

Իսկ եթե անձն աշխատում է մի քանի գործատուի մոտ, ապա յուրաքանչյուր գործատու ապահովագրավճարը հաշվարկում և փոխանցում է ՀՀ պետական բյուջե իր կողմից վճարվող աշխատավարձից։ Միաժամանակ, ապահովագրավճարի ամսական դրույքաչափը գերազանցող վճարումները վերադարձվում են վարձու աշխատողին՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացված դիմումի հիման վրա։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապահովագրավճար վճարողներ են համարվում նաև ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2 400 001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Նշված անձինք ապահովագրավճարը, որը տարվա կտրվածքով կազմում է 129.600 ՀՀ դրամ, պարտավոր են վճարել ինքնուրույն՝ մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ։ ԱՁ-ներն ու նոտարներն ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում համապատասխան հարկային հաշվարկը ներկայացնելուց և ապահովագրավճարի ամբողջական վճարումից հետո՝ վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17.12.2025թ. ընդունվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՕ-459-Ն օրենքը, որով սահմանվել են, մասնավորապես, ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերը, վճարման ժամկետները։

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) և հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող հետևյալ վարձու աշխատողները՝

1) 2025 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով յուրաքանչյուր գործատուից 200.001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ ստացող վարձու աշխատողները, որի համար հիմք են ընդունվում 2025 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները։ Ընդ որում, ապահովագրավճարները հաշվարկվելու և պահվելու են գործատուի կողմից 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ամիսների համար հաշվարկված աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ (օրինակ, 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 20-ը ներառյալ)։

Ընդ որում՝ մինչև 18 տարեկան, ինչպես նաև 65 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի հանդիսացող  վարձու աշխատողների համար գործատուները ապահովագրավճար չեն հաշվարկում։ Տվյալ աշխատողների մասով հիմք է ընդունվելու եկամտային հարկի հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ գրանցման հայտում առկա տեղեկատվությունը։

Հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուից աշխատավարձ ստացողները ապահովագրավճարները հաշվարկում և վճարում են ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:

Հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձի նվազեցումը ապահովագրավճար վճարող համարվելու համար հաշվի չի առնվելու։

Սույն կետում նշված վարձու աշխատողները ապահովագրված անձի կարգավիճակ ստանում են 2026 թվականի հունվարի 1–ից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե վարձու աշխատողի 2025 թվականի նոյեմբեր ամսվա աշխատավարձը կազմել է 200.001 ՀՀ դրամ և ավելի, սակայն 2025թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող (այսինքն՝ աշխատանքից ազատվել է մինչև 2025թ. դեկտեմբերի 25-ը), ապա տվյալ աշխատողի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից ապահովագրավճար չի հաշվարկվում։

2) 2026 թվականի հունվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր գործատուից որևէ ամսում 200.001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ ստացող վարձու աշխատողները։ Ընդ որում, տվյալ դեպքում ապահովագրավճարները հաշվարկվելու, պահվելու և վճարվելու են գործատուի կողմից (հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուից ստացվելու դեպքում՝ վարձու աշխատողի կողմից) աշխատավարձը 200.001 ՀՀ դրամը գերազանցելու ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Մասնավորապես, 2025 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով ապահովագրավճար վճարող չհանդիսացող վարձու աշխատողի 2026 թվականի հունվար ամսվա աշխատավարձը 200.001 ՀՀ դրամ կամ ավելի կազմելու դեպքում, այդ վարձու աշխատողը 2026 թվականի հունվար ամսվան հաջորդող ամսվանից (տվյալ դեպքում՝ 2026 թվականի փետրվար ամսվանից) համարվում է ապահովագրավճար վճարող (տվյալ դեպքում՝ փետրվար ամսվա համար մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ այդ աշխատողի համար հաշվարկվում է և վճարվում է ապահովագրավճար)։

Հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձի նվազեցումը ապահովագրավճար վճարող համարվելու համար հաշվի չի առնվում։

Սույն կետում նշված վարձու աշխատողները ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք են բերում ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 2026 թվականի համար աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկային գործակալները ապահովագրավճարներ չեն հաշվարկում։

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

  • Մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում 4 800 դրամ
  • 500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում 10 800 դրամ 

Վարձու աշխատողների մասով յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար 2025 թվականի դեկտեմբերի և հաջորդող տարվա (2026 թվականի) համար ապահովագրավճարները հաշվարկվում են վերոնշյալ դրույքաչափերով՝ ելնելով աշխատավարձի մեծությունից։

Եթե վարձու աշխատողը միաժամանակ աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա ապահովագրավճարի հաշվարկման և վճարման պարտավորությունը որոշվում է յուրաքանչյուր գործատուի մոտ հաշվարկված աշխատավարձի չափից ելնելով։

Ընդ որում, միաժամանակ մեկից ավելի գործատուների մոտ աշխատելու դեպքում վարձու աշխատողի յուրաքանչյուր գործատու իր կողմից հաշվարկված աշխատավարձից պահում է վերոնշյալ չափերով հաշվարկված ապահովագրավճարները և փոխանցում ՀՀ պետական բյուջե։ Ապահովագրավճարի ամսական դրույքաչափից ավելի կատարված վճարումները  վերադարձվում են վարձու աշխատողին՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացված դիմումի հիման վրա։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ապահովագրավճարների հաշվարկման համար եկամտային հարկի հաշվարկների ճշտման դեպքում աշխատավարձի նվազեցումը հաշվի չի առնվում։

2026 թվականին հարկային գործակալից և հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող վարձու աշխատողների մասով ապահովագրավճարները եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկներում չեն արտացոլվում։

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

  • Մինչև 1 000 000 դրամ աշխատավարձի դեպքում 1,000 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում 15,000 դրամ

2026 թվականի հունվարից ամսական մինչև 1.000.000 դրամ աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարը կհաշվարկվի՝

  • 1000 դրամի չափով՝ մինչև 100.000 դրամ աշխատավարձ ստացողների մասով 1500 դրամի, 100.001-ից 200.000 դրամ աշխատավարձ ստացողների մասով՝ 3000 դրամի, 200.001-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացողների մասով՝ 5500 դրամի, 500.001-ից 1.000.000 դրամ աշխատավարձ ստացողների մասով՝ 8500 դրամի փոխարեն։

Ամսական 1 000 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարի դրույքաչափի փոփոխություն սահմանված չէ։

Ընդ որում, 200.001 և ավել աշխատավարձ ստացող վարձու աշխատողների համար դրոշմանիշային վճարների դրույքաչափերի նվազեցումը կիրառվելու է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից սկսած։

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2026 թվականի հունվարի 1-ից ապահովագրավճար վճարողներ են համարվում ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ովքեր 2025 թվականին ունեցել են 2.400.001 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Ընդ որում, հիմք են ընդունվելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությամբ և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներով և (կամ) շահութահարկի հաշվարկով հայտարարագրված համախառն եկամուտը (իրացման շրջանառությունը)։

ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և նոտարները ապահովագրավճարը վճարում են ինքնուրույն մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ՝ ապահովագրավճարի տարեկան դրույքաչափով՝ 129.600 ՀՀ դրամ։ Նշված անձինք ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում համապատասխան հարկային հաշվարկը ներկայացնելուց և ապահովագրավճարի ամբողջական վճարումից հետո՝ վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարկային հաշվարկների ճշտման արդյունքում արտացոլված եկամուտների նվազեցումը հաշվի չի առնվելու։

Աշխատավարձի Հաշվիչ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՓՈՓՈԽՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

  • Մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 12 000 դրամ
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120 000 դրամ

Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար մինչև 12.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարները կհաշվարկվեն 12.000 դրամի չափով՝ մինչև 2․400․000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18․000 դրամի, 2.400.001-ից մինչև 6.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 24.000 դրամի, 6.000.001-ից մինչև 12.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում` 48.000 դրամի փոխարեն։

Տարեկան 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարի դրույքաչափի փոփոխություն սահմանված չէ։

Ընդ որում, տվյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից և անհատ ձեռնարկատերերը, նոտարները 2026 թվականի համար մինչև 2027 թվականի ապրիլի 20-ը ներառյալ դրոշմանիշային վճարները կվճարեն նշված չափերով։

ՕՐԻՆԱԿՆԵՐ

Օրինակ 1

Գործատուն ունի 3 վարձու աշխատողներ, որոնցից Աշխատող1-ի աշխատավարձը 2025 թվականի նոյեմբեր ամսին կազմել է 150.000 դրամ, Աշխատող2-ինը՝ 250.000 դրամ, Աշխատող3-ինը՝ 600.000 դրամ։

Գործատուն ապահովագրավճարներ հաշվարկելու է Աշխատող2-ի և Աշխատող3-ի համար՝ սկսած դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Մասնավորապես, դեկտեմբեր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից ապահովագրավճարները վճարվում են մինչև 2026 թվականի հունվարի 20-ը ներառյալ։

  • Աշխատող 1. Աշխատավարձ նոյեմբեր՝ 150,000դ, Աշխատավարձ դեկտեմբեր՝ 180,000դ, Եկամտային հարկ` 36,000դ,  Սոցիալական վճար՝  9,000դ, Դրոշմանիշային վճար` 3,000դ, Ապահովագրավճար՝ չկա
  • Աշխատող 2. Աշխատավարձ նոյեմբեր՝ 250,000դ, Աշխատավարձ դեկտեմբեր՝ 300,000դ, Եկամտային հարկ` 60,000դ, Սոցիալական վճար՝ 15,000դ, Դրոշմանիշային վճար` 1,000դ, Ապահովագրավճար՝ 4,800դ
  • Աշխատող 3. Աշխատավարձ նոյեմբեր՝ 600,000դ, Աշխատավարձ դեկտեմբեր՝ 550,000դ, Եկամտային հարկ` 110,000դ, Սոցիալական վճար՝ 30,000դ, Դրոշմանիշային վճար` 1,000դ, Ապահովագրավճար՝ 10,800դ

Օրինակ 2

Գործատուն ունի 1 վարձու աշխատող, որի աշխատավարձը 2025 թվականի նոյեմբեր ամսին կազմել է 250.000 դրամ։

Աշխատողի աշխատավարձը 2025 թվականի դեկտեմբեր և 2026 թվականի հունվար ամիսներին կազմել է 250.000 ՀՀ դրամ, իսկ 2026 թվականի փետրվար ամսից՝ 190.000 ՀՀ դրամ։ Տվյալ դեպքում, անկախ 2026 թվականի փետրվար ամսվա աշխատավարձի նվազեցումից, գործատուն շարունակելու է այդ աշխատողի մասով հաշվարկել, պահել և վճարել ապահովագրավճարները։

Օրինակ 3

Գործատուն ունի 2 վարձու աշխատողներ, որոնցից Աշխատող1-ի աշխատավարձը 2025 թվականի նոյեմբեր ամսին կազմել է 180.000 դրամ, Աշխատող2-ինը՝ 150.000 դրամ։

Գործատուի Աշխատող1-ի աշխատավարձը 2025 թվականի դեկտեմբերին կազմում է 250.000 դրամ, 2026 թվականի հունվարից մարտ ամիսներին՝ ամսական 180.000 ՀՀ դրամ, իսկ 2026 թվականի ապրիլ ամսին՝ 220.000 ՀՀ դրամ։

Գործատուն Աշխատող1-ի համար ապահովագրավճարները հաշվարկելու է սկսած 2026 թվականի մայիս ամսվա աշխատավարձից։ Մասնավորապես, մայիս ամսվա համար հաշվարկված աշխատավարձից ապահովագրավճարները վճարվում են մինչև 2026 թվականի հունիսի 20-ը ներառյալ։

Օրինակ 4

Ֆիզիկական անձը գործատուի մոտ ընդունվել է աշխատանքի (կնքել է աշխատանքային պայմանագիր) 2026 թվականի փետրվարի 5-ին։ Գործատուի կողմից հարկային մարմին ներկայացված՝ եկամտային հարկի հաշվարկներով այդ աշխատողի փետրվար ամսվա աշխատավարձը կազմում է 170.000 ՀՀ դրամ, իսկ մարտ ամսվանը՝ 240.000 ՀՀ դրամ։

Գործատուն մայիս ամսին ներկայացրել է մարտ ամսվա համար եկամտային հարկի ամսական ճշտված հաշվարկ, որով տվյալ վարձու աշխատողի մարտ ամսվա աշխատավարձը նվազում և կազմում է 190.000 ՀՀ դրամ։

Տվյալ դեպքում աշխատավարձի նվազեցումը հաշվի չի առնվում և գործատուն, որպես հարկային գործակալ, սկսած ապրիլ ամսվա աշխատավարձից պետք է հաշվարկի, պահի և վճարի ապահովագրավճարները։

Օրինակ 5

Վարձու աշխատողը միաժամանակ աշխատում է 2 գործատուների մոտ։ Գործատու1-ի կողմից հաշվարկվող աշխատավարձը կազմում է 300.000 ՀՀ դրամ, իսկ Գործատու2-ի կողմից հաշվարկվողը՝ 150.000 ՀՀ դրամ։

Տվյալ դեպքում, ապահովագրավճարը հաշվարկելու, աշխատողից պահելու և վճարելու պարտավորությունը, որպես հարկային գործակալ, կրում է միայն Գործատու1-ը։

 Օրինակ 6

Վարձու աշխատողը Գործատու1-ից հաշվետու ամսում ստացել է 250.000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ Գործատու2-ից՝ 600.000 ՀՀ դրամ աշխատավարձ։

Տվյալ դեպքում Գործատու1-ը ապահովագրավճարը հաշվարկելու է 4.800 ՀՀ դրամի չափով, իսկ Գործատու2-ը՝ 10.800 ՀՀ դրամի չափով։ Ավել վճարված ապահովագրավճարի գումարը` 4.800 ՀՀ դրամը, վերադարձվելու է վարձու աշխատողին, եթե վերջինս Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացնի համապատասխան դիմում։

Օրինակ 7

2025 թվականի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը 2025թ. ապրիլի 8-ին ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն՝ այդ օրվանից դառնալով շրջանառության հարկ վճարող։

2025 թվականի համար ներկայացված միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությամբ արտացոլված իրացման շրջանառությունը կազմում է 500.000 ՀՀ դրամ, իսկ 2025 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը՝ 2.000.000 դրամ։

Տվյալ դեպքում, անհատ ձեռնարկատերը 2026 թվականի հունվարի 1-ից կհամարվի ապահովագրավճար վճարող, քանի որ 2025 թվականի իրացման շրջանառությունը կազմել է 2.500.000 դրամ։ Անհատ ձեռնարկատերը մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ ապահովագրավճարը հաշվարկում և վճարում է տարեկան դրույքաչափով՝ 129.600 դրամի չափով։

Օրինակ 8

2026 թվականի հունվարի 15-ին անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը կազմել է 3.000.000 դրամ։

2026 թվականի փետրվարի 10-ին անհատ ձեռնարկատերը ներկայացրել է ճշտված շահութահարկի հաշվարկ, որի արդյունքում համախառն եկամուտը նվազել է և կազմել 2.000.000 դրամ։

Տվյալ դեպքում, 2026 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատերը համարվում է  ապահովագրավճար վճարող և ճշտված հարկային հաշվարկը հաշվի չի առնվում։

Oրինակ 9

2025 թվականին հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերը 2026 թվականի հունվարի 15-ին ներկայացրել է 2025 թվականի համար շահութահարկի հաշվարկը, որով հայտարարագրել է 15.000.000 դրամի չափով համախառն եկամուտ, և հունվարի 30-ին ապահովագրավճարն ամբողջությամբ (129.600 դրամ) վճարել է։ Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատերը ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք կբերի 2026 թվականի փետրվարի 1-ից։

24/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.46
-0.09
Եվրո (EUR)
449.97
-0.14
Ռուբլի (RUR)
4.8446
-0.0227
Լարի (GEL)
141.54
-0.04
54568
+327
Արծաթ
855.31
+6.18