Հայաստանի խոշոր հարկատուներ. 2026թ. հունվար-մարտին մուծվել է 459.27 մլրդ դրամ հարկ, առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Առաջատար տասնյակ
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 21.37 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավել է 4.78 մլրդ դրամով կամ 28.79%-ով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։
Երկրորդ տեղում Գազպրոմ Արմենիան է՝ 19.76 մլրդ դրամով։ 2025թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.14 մլրդ դրամով կամ 0.71%-ով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը։
Երրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 15.48 մլրդ դրամով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը տեղ չէր զբաղեցրել խոշոր 1,000 հարկատուների ցուցակում:
Չորրորդ տեղում է Գրանդ Տոբակոն։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 11.53 մլրդ դրամ, ինչը 2025թ. 12.07 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 0.54 մլրդ դրամով կամ 4.44%-ով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը։
Հինգերորդ հորիզոնականում է Սոֆթ Կոնստրակտը՝ 8.04 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.03 մլրդ դրամով կամ 100.35%-ով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը։
Վեցերորդ տեղում է ԻՄՎԲԱՄ-ը, որը պետական բյուջե է մուտքագրել 6.84 մլրդ դրամ։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը գրանցված էր ցուցակում ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ անվամբ (6-րդ հորիզոնական՝ 5.70 մլրդ դրամ), իսկ ԻՄՎԲԱՄ անվամբ զբաղեցնում էր 129-րդ հորիզոնականը՝ 0.60 մլրդ դրամով։ Այս երկու ցուցանիշների գումարի՝ 6.30 մլրդ դրամի համեմատ արձանագրվել է աճ 0.54 մլրդ դրամով կամ 8.56%-ով։
Յոթերորդ տեղում է Դիջիթեյնը, որը պետական բյուջե է մուտքագրել 6.74 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 111.83%-ով կամ 3.56 մլրդ դրամով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցնում էր 19-րդ հորիզոնականը։
Ութերորդ տեղում է Ֆիլիպ Մորրիս Արմենիան, որը պետական բյուջե է մուտքագրել 6.36 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 2.93 մլրդ դրամով կամ 85.40%-ով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցնում էր 13-րդ հորիզոնականը։
Սիթին իններորդ հորիզոնականում է՝ վճարելով 6.18 մլրդ դրամ։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.01 մլրդ դրամ կամ 19.49% աճ։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը։
Տասնյակը եզրափակում է Թեղուտը, որը մուծել է 6.10 մլրդ դրամ հարկ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 228.29%-ով կամ 4.24 մլրդ դրամով։ 2025թ. հունվար-մարտին ընկերությունը զբաղեցնում էր 36-րդ հորիզոնականը։
Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի, բնական գազի մատակարարման, մանրածախ առևտրի և ֆինանսական ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են հանքարդյունաբերության, ծխախոտագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Ընդհանուր ցուցանիշներ
Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2026թ. հունվար-մարտ ամիսներին վճարվել է շուրջ 108.41 մլրդ դրամ հարկ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշից ավել է 26.23%-ով կամ 22.53 մլրդ դրամով (2025թ․ ցուցանիշը՝ 85.89 մլրդ դրամ)։
Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 266.61 մլրդ դրամ՝ +15.60% կամ 35.97 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 459.27 մլրդ դրամ՝ +49.92 մլրդ դրամ կամ 12.19%։
1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 23.61%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 58.05%։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2026թ․ ապրիլի 27-ի դրությամբ՝ 371.56 դրամ), ապա՝ առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 292 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 0.718 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 1.236 մլրդ դոլար։
