Իրանը մշակել է Հորմուզի նեղուցը հատելու վճարովի մեխանիզմ
Իրանն ավարտել է Հորմուզի նեղուցում նավերի երթևեկության կառավարման սեփական համակարգի մշակումը։ Խոսքը «մասնագիտական մեխանիզմի» մասին է, որը գործելու է Թեհրանի կողմից հաստատված երթուղով։
Նախագծի մոտալուտ գործարկման մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին:
«Այս գործընթացի շրջանակում առավելություններից կկարողանան օգտվել միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։ Այս մեխանիզմի շրջանակում տրամադրվող մասնագիտացված ծառայությունների համար կգանձվի համապատասխան վճար», – X սոցիալական ցանցի իր էջում գրել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ նոր երթուղին փակ կլինի ամերիկյան «Ազատություն» նախագծի շրջանակում իրականացվող գործողության մասնակիցների համար, որը վերաբերում է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցմանը։
Ավելի վաղ՝ մայիսին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր տարածաշրջանում իր ազդեցության գոտու ընդլայնման մասին։ Եթե նախկինում իրանական նավատորմը հիմնականում պարեկություն էր իրականացնում երկրի ափերի մոտ գտնվող կղզիների շրջակայքում, ապա այժմ Թեհրանը մտադիր է վերահսկել նեղուցի մուտքի և ելքի ջրային տարածքները։ Վերահսկողության գոտին ընդլայնվել է մինչև 200-300 ծովային մղոն (ավելի քան 500 կմ)։
Նոր ծովային ռեժիմ մտցնելու ծրագրերի մասին Ազիզին հայտարարել էր դեռ ապրիլի կեսերին։ Այն ժամանակ իրանական կողմը նշել էր, որ նեղուցով անցումը թույլ կտա միայն առևտրային նավերին՝ խիստ սահմանված երթուղիներով, Զինված ուժերի շտաբի թույլտվությամբ և տուրքի վճարումից հետո։
