Եվրահանձնաժողովը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով վատթարացրել է ԵՄ ՀՆԱ-ի կանխատեսումները
ԵՀ-ն կանխատեսում է, որ ԵՄ-ի տնտեսությունը 2026 թվականին կաճի 1.1%-ով՝ 3.1% գնաճի պայմաններում։
Աշնանը ենթադրվում էր, որ ՀՆԱ-ն կաճի 1.4%-ով՝ սպառողական գների 2.1% աճի պայմաններում, 2025 թվականի 1.5% աճից հետո։
ԵՀ զեկույցի համաձայն՝ 2027 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի 1.4%, իսկ սպառողական գները կաճեն 2.4%-ով։ Աշնանային կանխատեսմամբ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 1.5% և 2.1%։
Եվրագոտու ՀՆԱ-ն, նորացված կանխատեսմամբ, 2026 թվականին կաճի 0.9%-ով, իսկ 2027 թվականին՝ 1.2%-ով։ Ավելի վաղ սպասվում էր համապատասխանաբար 1.2% և 1.4% աճ։
Եվրագոտում գնաճը 2026 թվականին ակնկալվում է 3% մակարդակում (նախկին գնահատականը՝ 1.9%), իսկ 2027 թվականին՝ 2.3% (2%)։
ԵՀ կանխատեսմամբ՝ Գերմանիայի տնտեսությունն ընթացիկ տարվա արդյունքներով կաճի 0.6%-ով, իսկ 2027 թվականին՝ 0.9%-ով, Ֆրանսիայինը՝ համապատասխանաբար 0.8% և 1.1%, Իտալիայինը՝ 0.5% և 0.6%, իսկ Իսպանիայինը՝ 2.4% և 1.9%։
Գործազրկությունը ԵՄ-ում 2025-2027 թվականներին կմնա մոտ 6% մակարդակում։ Եվրագոտում այդ ցուցանիշը 2025 թվականի 6.3%-ից կաճի մինչև 6.4%՝ 2026-2027 թվականներին։
ԵՄ երկրների բյուջետային դեֆիցիտը, ինչպես սպասվում է, կավելանա 2025 թվականի ՀՆԱ-ի 3.1%-ից մինչև 2026 թվականին 3.5% և 2027 թվականին՝ 3.6%։ Եվրագոտում կանխատեսվում է աճ՝ ՀՆԱ-ի 2.9%-ից մինչև 3.3% 2026 թվականին և մինչև 3.5% հաջորդ տարում։
ԵՀ-ի կանխատեսմամբ՝ Եվրամիության համախառն պետական պարտքը նախորդ տարեվերջի ՀՆԱ-ի 82.8%-ից կհասնի 85.3%-ի՝ 2027 թվականի ավարտին, իսկ եվրագոտում՝ 88.7%-ից մինչև 91.2%։
«Մինչ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելը համաշխարհային տնտեսությունը թափ էր հավաքում: Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն ու ամերիկյան մաքսատուրքերի շուրջ անորոշությունը շարունակում էին զսպել աճը, սակայն գնաճի թուլացումն ու արհեստական բանականության հեղափոխության հետ կապված ակտիվ ներդրումային ցիկլը կարևոր աջակցություն էին ապահովում։ ԵՄ տնտեսությունն էլ էր ամրապնդվում, իսկ գնաճային ճնշումը շարունակում էր թուլանալ», – նշվում է Եվրահանձնաժողովի զեկույցում։
Հակամարտությունը, սակայն, զգալիորեն փոխել է այս պատկերը՝ առաջացնելով վերջին ժամանակների էներգակիրների մատակարարման ամենախոշոր գլոբալ խափանումներից մեկը:
Արդյունքում, փետրվարի 27-ից (Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների նախօրեին) մինչև ապրիլի 29-ը (ԵՀ կանխատեսման տվյալների հավաքագրման ավարտը) գազի գներն աճել են 50%-ով, իսկ նավթի գները՝ 65%-ով։
