Հայաստանը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային համաժողովին
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին:
ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ներդաշնակեցման իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերները:
Քննարկվել են նաև ՀՄԿ անդամ պետությունների միջև տնտեսական ինտեգրման երկարաժամկետ հեռանկարները` մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցումը դիտարկելով որպես ինտեգրման լավագույն միջոց:
Համաժողովի օրակարգային կարևոր հարցերից են եղել նաև մատակարարման շղթայի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, «Լիազորված տնտեսական օպերատորների» ինստիտուտի ներդրման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիրները: