Ավիաընկերությունները Իրանի շուրջ պատերազմի պատճառով կկորցնեն 100 միլիարդ դոլար
Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) հաշվարկների համաձայն՝ Իրանի շուրջ ռազմական հակամարտության ֆոնին՝ վառելիքի գների աճի հետևանքով համաշխարհային ավիափոխադրողների լրացուցիչ ծախսերը կկազմեն մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար։
Անցյալ տարի ավիաընկերությունները վառելիքի վրա ծախսել են 252 միլիարդ դոլար, մինչդեռ ընթացիկ տարում, կազմակերպության կանխատեսմամբ, այդ ցուցանիշը կաճի 40%-ով և կհասնի 350 միլիարդ դոլարի։
Վառելիքի ծախսերի աճը կհանգեցնի ավիաընկերությունների եկամուտների զգալի կրճատման։ IATA-ի գնահատմամբ՝ 2026 թվականին ոլորտի ընդհանուր շահույթը կկազմի մոտ 23 միլիարդ դոլար։ Սա գրեթե երկու անգամ պակաս է 2025 թվականի ցուցանիշից (41 միլիարդ դոլար), ինչպես նաև ցածր է ընթացիկ տարվա համար նախկինում կանխատեսված 45 միլիարդ դոլարից։
Սպասվում է, որ ավիաընկերությունների համախառն հասույթը կաճի 9.4%-ով՝ հասնելով 1.17 տրիլիոն դոլարի, սակայն դա չի կարող լիովին փոխհատուցել վառելիքի թանկացման հետևանքները։
«Մերձավոր Արևելքում պատերազմի հետ կապված ավիահաղորդակցության խափանումներն ու վառելիքի գների աճը վատթարացրել են ավիաընկերությունների համար նախատեսված կանխատեսումները», – հայտարարել է IATA-ի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում շուկայի բոլոր մասնակիցների վրա, սակայն առավել մեծ վնաս են կրում Մերձավոր Արևելքի երկրների ավիափոխադրողները և փոքր ավիաընկերությունները։
