ԵՄ-ում ցանկանում են լայնածավալ առևտրային պատերազմ Չինաստանի հետ
Բրյուսելը ցանկանում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Պեկինի նկատմամբ, սակայն, ինչպես գրում է Politico-ն, կողմերից ոչ մեկ դեռ պատրաստ չէ լիարժեք տնտեսական դիմակայության։
«Մեր առևտրային հարաբերությունները Չինաստանի հետ հասել են մի կետի, երբ անհրաժեշտ է վերագործարկել դրանք՝ ոչ թե առճակատման, այլ հավասարակշռության վերականգնման միջոցով: Գոյություն ունեցող ստատուս քվոն կայուն չէ ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական տեսանկյունից», – հայտարարել է ԵՄ առևտրի հարցերով հանձնակատարը։
Պաշտոնյան նկատի է ունեցել երկկողմ ապրանքաշրջանառության դեֆիցիտը, որը, Politico-ի տվյալներով, անցյալ տարի հասել է 360 միլիարդ եվրոյի և շարունակում է աճել։ Հոդվածում նշվում է, որ Գերմանիան՝ ԵՄ-ի խոշորագույն տնտեսությունը և աշխարհի առաջատար արտահանող երկրներից մեկը, նույնպես վերջերս բախվել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի խնդրին։
Ինչպես գրում է պարբերականը, ներկայումս Եվրահանձնաժողովը հետևում է երկու ուղով ռազմավարության․ մի կողմից ակտիվացնում է երկխոսությունը Պեկինի հետ, մյուս կողմից հասկացնում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կոշտ քայլերի։
Այսօր տեղի է ունենալու ԵԽ-ի նիստը, որը ԵՄ առաջնորդների համար առաջին հնարավորությունն է գնահատելու իրավիճակը մայիսի վերջին տեղի ունեցած ռազմավարական հանդիպումից հետո, որը ղեկավարել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Թեև կոնկրետ որոշումներ չեն սպասվում, Politico-ն նշում է, որ Բրյուսելում նախատեսված քննարկումը կարևոր փորձություն կլինի՝ պարզելու, թե եվրոպացի առաջնորդները որքանով են պատրաստ աջակցել ավելի վճռական գործողություններին։
Պարբերականի տվյալներով՝ քննարկվող տարբերակներից մեկը ներմուծման քվոտաների և, այսպես կոչված, պաշտպանական միջոցների ավելի լայն կիրառումն է այն ոլորտներում, որոնք առավել շատ են տուժել չինական մրցակցությունից, օրինակ՝ քիմիական արդյունաբերությունը և հաստոցաշինության ոլորտը։
Մեկ այլ տարբերակ նախատեսում է ստեղծել նոր «դիվերսիֆիկացման գործիք», որը զգայուն ոլորտներում գործող ընկերություններին կպարտավորեցնի անհրաժեշտ բաղադրիչները ձեռք բերել առնվազն երեք միջազգային մատակարարներից։
Երրորդ՝ ավելի կոշտ սցենարը նախատեսում է ավելցուկային արտադրական հզորությունների դեմ հատուկ մեխանիզմի ներդրում, ինչը գործնականում կնշանակի չինական ապրանքների նկատմամբ լայնածավալ մաքսատուրքերի սահմանում։ Մինչ այժմ ԵՄ-ն խուսափել է նման քայլից, քանի որ այն դժվար կլինի համաձայնեցնել ԱՀԿ-ի կանոնների հետ։
