Համաշխարհային բրենդները նվաճում են 160 մլրդ դոլար արժողությամբ ֆունկցիոնալ ըմպելիքների շուկան
Համաշխարհային բրենդները, որոնց ըմպելիք են արտադրում, ակտիվորեն ընդլայնում են իրենց ներկայությունը 160 միլիարդ դոլար արժողությամբ ֆունկցիոնալ ըմպելիքների շուկայում՝ աճող պահանջարկի ֆոնին, հայտնում է CNBC-ն։ Ընկերությունները ներկայացնում են նորարարական արտադրանք, այդ թվում՝ սպիտակուցով (պրոտեինով) հարստացված սուրճ և օգտակար հավելումներով գազավորված ըմպելիքներ, որպեսզի բավարարեն առողջ ապրելակերպի նկատմամբ սպառողների աճող հետաքրքրությունը։
Վերջին հարցման տվյալներով՝ միլենիալների շուրջ 75%-ը և Z սերնդի ներկայացուցիչների 80%-ը օգտագործում են ֆունկցիոնալ ըմպելիքներ, ընդ որում՝ հարցվածների կեսից ավելին պատրաստ է դրանց համար ավելի բարձր գին վճարել։
Խոշոր ընկերություններն արդեն զգալի ներդրումներ են կատարում այս ոլորտում։ Danone-ը 1.15 միլիարդ դոլարով ձեռք է բերել սպիտակուցային կոկտեյլներ արտադրող Huel ընկերությունը, PepsiCo-ն 2 միլիարդ դոլարով գնել է Poppi ստարտափը, իսկ Coca-Cola-ն թողարկել է իր սեփական պրեբիոտիկ գազավորված ըմպելիքների Simply Pop ապրանքանիշը։
Starbucks-ում նույնպես նշում են նոր արտադրանքի նկատմամբ բարձր պահանջարկը։
Փորձագետների գնահատմամբ՝ ֆունկցիոնալ ըմպելիքներն արդեն դուրս են եկել պարզապես զարգացող միտման շրջանակներից և դարձել երիտասարդների համար ոչ միայն ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանք, այլև որոշակի հեղինակության խորհրդանիշ։
Թեև որոշ մասնագետներ կասկածի տակ են դնում այնպիսի հավելումների իրական արդյունավետությունը, ինչպիսիք են մագնեզիումը կամ կոլագենը, սպառողները շարունակում են նախընտրել պրեմիում դասի այն ապրանքները, որոնք խոստանում են ոչ միայն հաճելի համ, այլև կոնկրետ օգուտ ֆիզիկական և հոգեկան առողջության համար։
