Ինչու է նավթն էժանանում, իսկ բենզինը՝ թանկանում
Նավթի համաշխարհային գները նվազում են, սակայն բենզինի և դիզելային վառելիքի արժեքը շարունակում է բարձր մնալ։ Սա վկայում է այն մասին, որ Իրանի շուրջ հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը դեռևս հեռու է ավարտից։ Այս եզրակացությանն է հանգել Reuters գործակալությունը։
Նավթի գների կտրուկ աճը սկսվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ու Իրանի միջև բախումներից հետո, երբ փաստացի խաթարվեց Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումը։ Մինչ հակամարտության սկիզբը համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդն իրականացվում էր հենց այս երթուղով։
Հրադադարի համաձայնագրի կնքումից հետո նավթի գները որոշ չափով նվազեցին, սակայն ռազմական գործողությունների վերսկսման պատճառով կրկին աճեցին։ Արդյունքում վերջնական սպառողի համար վառելիքի գինը շարունակում է մնալ բարձր։ Սա նշանակում է, որ արդյունաբերության և բնակչության վրա ազդող գնաճային ճնշումը, որը լրջորեն մտահոգում է կենտրոնական բանկերին, չի թուլանա։ Նույնիսկ եթե Հորմուզի նեղուցով նավերի անցումն ամբողջությամբ վերականգնվի, վառելիքի գների արագ նվազում ակնկալել դժվար կլինի։
Նախորդ շաբաթ իրավիճակը վառելիքի շուկաներում ավելի է սրվել։ Ռուսաստանը սահմանել է դիզելային վառելիքի արտահանման արգելք։ Պատճառը Ուկրաինայի հետ հակամարտությունն է, որի հետևանքով վնասվել են ռուսական նավթավերամշակման գործարանները, և առաջացել է երկրի ներսում վառելիքի պակասի վտանգ։
Վառելիքի և հում նավթի գների միջև տարբերությունը կտրուկ մեծացել է։ Այս ցուցանիշը բնութագրում է նավթավերամշակման գործարանների շահութաբերությունը։ Եվրոպական և ամերիկյան գործարաններն այժմ փորձում են վերամշակել նավթի ավելցուկը, որը ձևավորվել է հրադադարի ընթացքում ռազմավարական պահուստներից և Մերձավոր Արևելքից իրականացված արտակարգ մատակարարումների արդյունքում։
Sparta Commodities ընկերության վերլուծաբան Նիլ Քրոսբին նշել է, որ աշխարհում պարզապես բավարար վերամշակման հզորություններ չկան՝ առկա ամբողջ հումքը վերամշակելու համար։ Նրա խոսքով՝ վառելիքի բարձր գները կարող են աստիճանաբար նվազեցնել սպառողների պահանջարկը։
