Ինչո՞ւ է Չինաստանի տնտեսական աճը դանդաղել
Չինաստանի տնտեսությունը 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 4.3%-ով՝ չարդարացնելով ո՛չ Պեկինի սահմանած 4.5–5% թիրախը, ո՛չ էլ վերլուծաբանների 4.5% կանխատեսումը։ Սա Չինաստանի ամենաթույլ եռամսյակային ցուցանիշներից մեկն է 1990-ականների սկզբից ի վեր՝ բացառությամբ COVID-19 համավարակի շրջանի։ Առաջին եռամսյակում տնտեսությունն աճել էր 5%-ով, իսկ կիսամյակի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 4.7%։ Եռամսյակային կտրվածքով աճը եղել է ընդամենը 0.9%՝ ավելի քան երկու տարվա ամենացածր տեմպը։
Տնտեսական ցուցանիշները հակասական պատկեր են ներկայացնում։ Արդյունաբերական արտադրությունն աճել է 5.3%-ով, քաղաքային գործազրկությունը նվազել է մինչև 5%, իսկ մանրածախ վաճառքն ավելացել է 1%-ով։ Միաժամանակ հիմնական կապիտալում ներդրումները կիսամյակում կրճատվել են 5.7%-ով՝ առաջին հինգ ամիսների 4.1% անկումից հետո։ Այս տվյալները չեն վկայում տնտեսության անկման մասին, սակայն հաստատում են արտահանման արագ աճի և թույլ ներքին պահանջարկի միջև խորացող անհավասարակշռությունը։
Չինաստանի տնտեսության հիմնական շարժիչը շարունակում է մնալ արտահանումը, որը հունիսին աճել է 27%-ով, իսկ առաջին կիսամյակում՝ 17.6%-ով։ Աճը մեծապես պայմանավորված է արհեստական բանականության հետ կապված արտադրանքով՝ կիսահաղորդիչներով, հաշվարկային սարքավորումներով և էլեկտրոնային բաղադրիչներով, ինչպես նաև էլեկտրամոբիլների, մարտկոցների, արևային վահանակների և արդյունաբերական սարքավորումների մատակարարումներով։ Արտահանման ակտիվացմանը նպաստել են նաև ԱՄՆ-ի մաքսատուրքերի քաղաքականության և Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ անորոշությունները, սակայն դրա հիմքում առավելապես նոր և բարձր տեխնոլոգիական արտադրությունը խրախուսող պետական վարկերը, սուբսիդիաներն ու հարկային արտոնություններն են։
Գլխավոր խնդիրը ներքին սպառման լճացումն է։ Չինական ընկերությունները մեծ ծավալով ապրանքներ են արտադրում, սակայն դրանց պահանջարկն առավելապես ձևավորվում է արտասահմանում, մինչդեռ երկրի ներսում նվազում են նույնիսկ էլեկտրամոբիլների վաճառքները։ Իրավիճակը ծանրացնում է անշարժ գույքի շուկան, որտեղ ներդրումները նվազել են 18%-ով՝ գրանցելով 1992 թվականից ի վեր ամենախոշոր անկումը։ Գույքի գների նվազումը, կառուցապատողների ֆինանսական խնդիրները և չվաճառված բնակարանները հարվածում են ոչ միայն շինարարությանը, այլև ֆինանսական համակարգին ու հարակից ոլորտներին։
Անշարժ գույքի ճգնաժամը, աշխատաշուկայի անորոշությունն ու երիտասարդների շրջանում բարձր մրցակցությունը բնակչությանը դրդում են խնայել, այլ ոչ թե ծախսել։ Ավտոմատացումն ու ռոբոտացումը բարձրացնում են արտադրողականությունը, սակայն չեն ապահովում աշխատատեղերի և եկամուտների համարժեք աճ։ Միևնույն ժամանակ պետական խթանները հիմնականում ուղղվում են արտադրությանը, ոչ թե սոցիալական պաշտպանության համակարգին, ինչը նվազեցնում է քաղաքացիների վստահությունը ապագայի նկատմամբ և սահմանափակում սպառումը։
Եթե ներքին պահանջարկը շարունակի մնալ թույլ, իսկ արտահանման շուկաները սահմանափակվեն մաքսատուրքերի, կարգավորումների կամ արտադրության տեղայնացման պահանջների պատճառով, Չինաստանում կարող է առաջանալ ապրանքների գերարտադրություն։ Դա ընկերություններին կստիպի կրճատել արտադրությունը, ծախսերը և աշխատավարձերը, իսկ ոչ արդյունավետ ձեռնարկությունների մի մասը կարող է սնանկանալ։ Արտահանման կախվածությունը Չինաստանի տնտեսությունն ավելի խոցելի է դարձնում էներգակիրների գների, արժութային տատանումների, պատժամիջոցների, աշխարհաքաղաքական ռիսկերի և առևտրային գործընկերների հնարավոր ռեցեսիայի նկատմամբ։
Պեկինից ակնկալվում է տնտեսական խթանների արագացում և ներքին պահանջարկի ամրապնդման հնգամյա ծրագրի իրականացում, որի նպատակն է մանրածախ առևտրաշրջանառությունը ներկայիս 7.4 տրլն դոլարից մինչև 2030 թվականը հասցնել 9 տրլն դոլարի։ 2026 թվականին Չինաստանն արդեն բարձրացրել է կենսաթոշակները, նվազեցրել հիփոթեքային տոկոսադրույքները, ընդլայնել փոքր և միջին բիզնեսից պետական գնումների քվոտաները և մեղմացրել զբոսաշրջային վիզային ռեժիմը։ Սակայն կայուն արդյունքի համար անհրաժեշտ են նաև կառուցվածքային բարեփոխումներ՝ բնակչության եկամուտների բարձրացում, հարկերի նվազեցում, ծառայությունների ոլորտի զարգացում, սոցիալական պաշտպանության ընդլայնում, կենսաթոշակային, կրթական և առողջապահական համակարգերի բարելավում, ինչպես նաև տնտեսության արտահանման կախվածության աստիճանական նվազեցում։
