Կանադան պատրաստ է պաշտպանել իր շահերը ԱՄՆ-ի հետ վեճում
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ի հետ առևտրային վեճի շրջանակում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր աշխատողների, ֆերմերների և ձեռնարկությունների շահերը պաշտպանելու համար։
Քարնին նահանգների վարչապետների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Կանադան ակտիվացնում է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները և անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իր շահերը։
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ մտադիր է կանադական ապրանքների նկատմամբ սահմանել 50% նոր մաքսատուրքեր՝ 20 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։
Կանադայի վարչապետն առաջարկվող միջոցներն անհիմն է անվանել և հայտարարել, որ երկիրը կանի հնարավոր ամեն ինչ՝ կանադացի աշխատողների, ֆերմերների, ձեռնարկությունների և ընտանիքների շահերը պաշտպանելու և աջակցելու համար։
Կանադայի տասը նահանգները շարունակում են տարակարծիք մնալ այս սպառնալիքին արձագանքելու հարցում։ Ալբերտա և Սասկաչևան նահանգների վարչապետները, որոնք ԱՄՆ են արտահանում հում նավթ և կալիումական պարարտանյութեր, մերժել են արտահանման սահմանափակումների կամ մաքսատուրքերի կիրառումը՝ որպես Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու միջոց։
