ԵՄ-ի կենսաչափական վերահսկողությունը օդանավակայաններում քաոս է առաջացրել
Եվրամիության սահմանային վերահսկողության էլեկտրոնային համակարգը եվրոպական օդանավակայաններում զանգվածային ուշացումների պատճառ է դարձել։ Բրյուսելի, Միլանի և Ֆրանկֆուրտի օդանավակայաններում կենսաչափական սքաներներն անջատվում են՝ ծայրահեղ երկար հերթերի պատճառով։ Ryanair-ի ղեկավարությունը քննադատել է նոր համակարգը և պնդում է այն առցանց ռեժիմի տեղափոխման անհրաժեշտությունը։
Հրատարակության տվյալներով՝ հուլիսին Ֆրանկֆուրտի օդանավակայանում սպասման ժամանակը հասել է 120 րոպեի, մինչդեռ մեկ տարի առաջ այն չէր գերազանցում 60 րոպեն։ Ամստերդամում իրավիճակն ավելի լավ չէ․ զբոսաշրջիկները հերթերում սպասում են երկու ժամ՝ 2025 թվականի 80 րոպեի փոխարեն։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները նախապես նախազգուշացրել էին ԵՄ-ի սահմանային վերահսկողության էլեկտրոնային համակարգի (Entry/Exit System, EES) ներդրման ռիսկերի մասին։ Համակարգը գործարկվել է ապրիլին։ Նրանց խոսքով՝ կենսաչափական տվյալների ստուգումը լրացուցիչ ուշացումներ կառաջացնի օդանավակայաններում, որոնք առանց այդ էլ սպասարկման արագությամբ աչքի չեն ընկնում։
Իռլանդական Ryanair ցածրարժեք ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ’Լիրին քննադատել է նորամուծությունը՝ այն անվանելով «սխալ նախագծված»։ Նա պնդում է, որ համակարգը պետք է տեղափոխվի առցանց ռեժիմի։
«Միայն եվրոպացիները կարող էին նման անհեթեթություն հորինել», – հուլիսին ներդրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա։ Օ’Լիրին հավելել է, որ իր ընկերությունը մարդկանց զգալի կուտակումներ է արձանագրել 15 օդանավակայաններում։
Ֆրանկֆուրտի օդանավակայանի ներկայացուցիչը հաստատել է, որ սահմանային վերահսկողության նոր ընթացակարգերը հանգեցրել են «թռիչքների ուշացումների և հետագա գործառնական խափանումների»։
Անցյալ շաբաթ Politico-ն հայտնել էր, որ եվրոպական որոշ օդանավակայաններ և սահմանային անցակետեր սկսել են անջատել կենսաչափական սքաներները՝ ծայրահեղ ուշացումների պատճառով։ Աղբյուրների տվյալներով՝ սարքավորումներն անջատվել են Բրյուսելի, Միլանի և Ֆրանկֆուրտի օդանավակայաններում։
