Ֆրանսիայում երաշտի հետևանքով մինչև 15 մլրդ եվրոյի վնաս են կանխատեսում
Ֆրանսիայում այս ամառվա երաշտի հետևանքով պատճառված վնասը՝ ներառյալ ուղղակի և անուղղակի կորուստները, կարող է կազմել 10-15 մլրդ եվրո։ Այդ մասին ճգնաժամային խորհրդակցության ժամանակ հայտարարել է էկոլոգիական փոխակերպումների նախարար Մոնիկ Բարբյուն՝ հղում անելով Insee վիճակագրական ինստիտուտի գնահատականին։ Այս մասին գրում է Le Figaro-ն։
Սակայն Insee-ում, պատասխանելով AFP-ի հարցմանը, հերքել են, որ նման գնահատական են իրականացրել՝ նշելով, որ առայժմ չեն գնահատել երաշտի ուղղակի և անուղղակի տնտեսական հետևանքները։
Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության հիդրոլոգիական կոմիտեի պաշտոնյաները և պրեֆեկտուրաների ներկայացուցիչները։
Օրերս հայտարարվել էր, որ Ֆրանսիան պատած պատմական շոգի հետևանքով ծախսերը կգերազանցեն 5.6 մլրդ եվրոն՝ հիմնվելով 2022 թվականի երաշտի հետևանքների գնահատականի վրա։ Այն ժամանակ կառավարությունը հաշվարկել էր, որ ջրամատակարարման խափանումներն արդեն ազդել էին 80 համայնքների ավելի քան 30 հազար բնակչի վրա։
Օրերս այդ ցուցանիշը վերանայվել է դեպի վեր, և Բարբյուն հայտնել է, որ ջրամատակարարման խնդիրներից արդեն տուժել է ավելի քան 40 հազար մարդ։
«Մեր գլխավոր առաջնահերթությունը, բնականաբար, խմելու ջրի մատակարարումն ապահովելն է, որն արդեն ծանրաբեռնված է մի շարք շրջաններում, ավելի ճիշտ՝ այսօր Ֆրանսիայի 50 դեպարտամենտում», — նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ ավելի քան 550 հազար մարդու էլեկտրամատակարարումը գնահատվել է որպես ծանրաբեռնված, իսկ մոտ 3 միլիոն բնակչի էլեկտրամատակարարումը տեղափոխվել է բարձր պատրաստվածության ռեժիմ։
Օդերևութաբանները կանխատեսում են շոգի հերթական գագաթնակետը գրեթե ամբողջ երկրում, իսկ առանձին քաղաքներում օդի ջերմաստիճանը կհասնի 40°C-ի։
Համեմատաբար մեղմ եղանակ կպահպանվի միայն Լա Մանշի ափերին և առանձին մերձափնյա շրջաններում։ Ամենաբարձր ջերմաստիճանները սպասվում են երկրի կենտրոնական և հարավարևելյան հատվածներում։ Լիոնում և Մոնտելիմարում օդի ջերմաստիճանը կհասնի 40°C-ի, Բուրժում և Դիժոնում՝ 39°C-ի, իսկ Փարիզում՝ 38°C-ի։ Այս հինգ քաղաքներն այդ օրը կլինեն Ֆրանսիայի ամենաշոգ բնակավայրերը։
