Bloomberg-ը հայտնել է Սաուդյան Արաբիայի նավթամուղով մատակարարումների վերսկսման մասին
Սաուդյան Արաբիան վերականգնել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղով նավթի արտահանումը՝ դրա վերանորոգման ավարտից հետո։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։
Պետական Saudi Aramco ընկերությունը, նավթի՝ Հորմուզի նեղուցով փոխադրման հետ կապված դժվարությունների պատճառով, նավթամուղն օգտագործել է Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգիստ նավթ մղելու համար։ Սեպտեմբերի 13-ին նավթամուղի աշխատանքը դադարեցվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով, ինչի հետևանքով Յանբուից նավթի բեռնափոխադրումները դադարել էին։ Saudi Aramco-ն անցած շաբաթ վերականգնել է նավթամուղի աշխատանքը՝ սկսելով նավթի աստիճանական մղումը։
Գործակալության աղբյուրների խոսքով՝ սաուդյան պետական ընկերությունը փորձարկում էր նավթամուղը՝ բարձրացնելով համակարգում ճնշումը, և նախատեսում էր մինչև հանգստյան օրերը վերականգնել մեծ ծավալներով նավթի մղումը։ Ներկայում նավթի արտահանման բեռնափոխադրումները վերսկսվել են։
Նավթամուղի թողունակությունը կազմում է օրական 7 միլիոն բարել։ Սովորաբար մոտ 2 միլիոն բարելն ուղղվում է Կարմիր ծովի ափին գտնվող Aramco-ի նավթավերամշակման գործարաններ, իսկ մնացած ծավալն արտահանվում է։
