Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի համաձայն՝ ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս – 2026» զեկույցը։
Այսպես.
- Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.81 ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: 2019 թվականից ի վեր Հայաստանի վարկանիշային դիրքը վատթարացել է 8 հորիզոնականով (64-րդից 72-րդ հորիզոնական): Այսինքն` նախկինում ավելի անբարենպաստ դիրքերում գտնվող շատ երկրներ Հայաստանից առաջ են անցել։ Մեր երկիրը տարեցտարի զիջում է իր մրցակցային դիրքերը` չնայած արտածին գործոններով (ռուս-ուկրաինական, մերձավորարևելյան զինված հակամարտություններ և այլն) պայմանավորված զբոսաշրջիկների թվի աճին։ Մինչդեռ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ մշտապես հայտարարում են զբոսաշրջության ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների մասին՝ նաև դրանով հիմնավորելով զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների շարունակաբար բարձրացող պարգևավճարները։
Հայաստանի ինդեքսը 6.4%-ով ցածր է համաշխարհային միջինից (4.07 միավոր), իսկ իր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի միջին ցուցանիշին (4.39 միավոր) զիջում է 13.2%-ով:
- «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը գրանցել է թե՛ գնահատականի և թե՛ դիրքի վատթարացում:
Ամենամտահոգիչն այս ենթաինդեքսի «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջնայնություն» հիմնասյան գծով արձանագրված անկումն է և վարկանիշային դիրքի 8 հորիզոնականով նահանջը: Սա լավագույն ապացույցն է, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի աճը ոչ թե պետական ռազմավարության կամ թիրախային բյուջետային ծրագրերի արդյունավետ իրականացման արդյունք է, այլ պարզապես, արտաքին աշխարհաքաղաքական գործոնների բարենպաստ ազդեցության հետևանք: Պետությունը դրսևորել է «պասիվ կառավարում»՝ առավելապես հույսը դնելով «ինքնաբուխ աճի» վրա:
Նույն ենթաինդեքսի «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված նվազումն արտացոլում է դրամի արժևորման և ներքին գնաճի պատճառով Հայաստանի, որպես մատչելի ուղղության, մրցակցային առավելության կորուստը:
- «Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյան գծով ևս արձանագրվել է կտրուկ վատթարացում՝ 8 hորիզոնականով նահանջ: Ըստ զեկույցի անբաժանելի մաս կազմող տվյալների բազայի` Հայաստանի վերաբերյալ միջազգային գնահատականներում գերակշռում են աշխարհաքաղաքական անկայունության, սահմանային լարվածության և ռազմաքաղաքական ռիսկերի վերաբերյալ ընկալումները: Դա վկայում է այն մասին, որ պետական մարմիններին չի հաջողվել միջազգային ապահովագրական ու ճանապարհորդական հարթակներում փարատել Հայաստանի վերաբերյալ անվտանգային բնույթի մտահոգությունները:
- «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսները» Հայաստանի ամենամտահոգիչ ենթաինդեքսն է: Իր գնահատականով մեր երկիրը գրեթե կրկնակի՝ 48.2%-ով, զիջում է համաշխարհային միջինին։ Ենթաինդեքսի գծով վարկանիշային դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով, և 110 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է վերջից երրորդ հորիզոնականը։ Ենթաինդեքսի գծով մեր երկրի այսպիսի անպատվաբեր դիրքը ոլորտի պետական քաղաքականության համակարգային ձախողման հետևանք է: Համաշխարհային տնտեսական համաժողովի մեթոդաբանության համաձայն՝ ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսները գնահատվում են ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնակլիմայական պոտենցիալով, այլ՝ ըստ թվային տեսանելիության: Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ որոնումների ծավալը սահմանափակ է. պետական մարքեթինգային արշավների անարդյունավետության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցումների թիվը և գլոբալ որոնողական համակարգերում (Google, Wikipedia, TripAdvisor) հետաքրքրվածությունը չափազանց փոքր է: Մինչդեռ հարևան երկրների պատկան մարմինները շատ ավելի են հաջողել իրենց երկիրը տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին ու պոտենցիալ զբոսաշրջիկներին «նպաստավոր լույսի ներքո» ներկայացնելու ուղղությամբ։ Այսինքն՝ Հայաստանը չի կարողանում իր իրական ռեսուրսները վերածել թվային միջազգային ճանաչելիության, ինչը վկայում է ոլորտի պետական քաղաքականության անարդյունավետության մասին։
- «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսի՝ համաշխարհային միջինից զգալիորեն՝ 19.1%-ով, պակաս լինելու հանգամանքը հաստատում է, որ ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի զբոսաշրջության առավել թույլ կողմերից մեկը: Այս ենթաինդեքսի «Զբոսաշրջային ծառայություններ և ենթակառուցվածք» հիմնասյան գնահատականը համաշխարհային միջինին զիջում է 25.4%-ով: Իսկ դրա հիմնական պատճառներից մեկը տարածքային անհամաչափ զարգացումն է. մայրաքաղաքից դուրս առկա են տարբեր չլուծված խնդիրներ (որակյալ կացություն, տրանսպորտ, սպասարկում, վճարային ժամանակակից համակարգերի տարածվածություն և այլն):
- Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման առումով շարունակում է տարածաշրջանային հիմնական մրցակիցների համեմատ գտնվել չափազանց անբարենպաստ դիրքերում:
- Համաձայն Զեկույցի՝ Հայաստանը Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով 2026թ. զգալիորեն զիջում է Զեկույցում ներառված բոլոր երեք հարևան երկրներին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին։ Եվրասիա ենթատարածաշրջանի երկրներից Հայաստանն ինդեքսով գերազանցում է միայն Ուզբեկստանին և Ղրղզստանին, իսկ 21 հետսոցիալիստական երկրներից միայն չորսի ինդեքսն է Հայաստանինից ցածր։
2026-ի զեկույցի արդյունքները հաստատում են, որ ՀՀ զբոսաշրջային ոլորտում առկա են զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիրներ։ Ցածր Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը, դրա աճի աննշան տեմպերը, առանց այն էլ ոչ բարվոք վարկանիշային դիրքի տարեցտարի շարունակվող վատթարացումը վկայում են, որ Հայաստանը, փոխանակ դառնալու տուրիզմի գերազանցության կենտրոն (ինչպես հայտարարում է գործող իշխանությունը), էլ ավելի է զիջում իր դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Իսկ վերջին տարիներին արձանագրված զբոսաշրջային հոսքերի էական աճը ոչ թե պետական արդյունավետ քաղաքականության կամ կառուցվածքային բարեփոխումների, այլ, պարզապես, արտաքին աշխարհաքաղաքական ժամանակավոր գործոնների բարենպաստ ազդեցության արդյունք է։ Մինչդեռ ակնհայտ է, որ առանց ենթակառուցվածքների ապակենտրոնացված զարգացման, միջազգային հարթակներում ազգային ռեսուրսների ճանաչելիության բարձրացման, առանց հստակ և նպատակաուղղված պետական աջակցության անհնար է ակնկալել զբոսաշրջության կայուն ու ներառական աճ։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
