Վաճառքի է հանվել The Beatles-ի անդամների բնակության շենքում գտնվող բնակարանը՝ 4.5 մլն ֆունտ ստերլինգով
Լոնդոնում վաճառքի է հանվել բնակարան, որը գտնվում է այն շենքում, որտեղ 1963 թվականին ապրել են The Beatles խմբի անդամները։ Գույքը, որը գտնվում է «Բիթլզի» նախկին բնակարանի անմիջապես ներքևում, վաճառքի է հանվել 4.5 մլն ֆունտ ստերլինգով, ասվում է Mansion Global-ի հաղորդագրության մեջ։
The Beatles-ը, որը հայտնի է նաև որպես «Լիվերպուլի քառյակ», բրիտանական ռոք խումբ է Լիվերպուլից, որը հիմնադրվել է 1960 թվականին։ Խմբի կազմում հանդես են եկել Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ The Beatles-ը նշանակալի ազդեցություն է ունեցել ռոք երաժշտության զարգացման վրա և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ երաժշտական խմբերից մեկը։
«Բիթլզը» միասին այս շենքում ապրել է շուրջ մեկ տարի։ Այնուհետև Ջոն Լենոնը կնոջ՝ Սինթիայի, և որդու՝ Ջուլիանի հետ տեղափոխվել է Քենսինգթոնի բնակարան, իսկ Փոլ Մաքքարթնին բնակություն է հաստատել Ջեյն Էշերի ընտանիքի տանը՝ Մերիլեբոնում։ Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը դեռ որոշ ժամանակ օգտագործել են այս բնակարանը որպես ամուրիների բնակատեղի, ապա տեղափոխվել Նայթսբրիջ, նշվում է հաղորդագրության մեջ։
Վաճառքի հանված բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 120.7 քմ։ Այն ունի երեք ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, ճաշասենյակ և մարմարով երեսպատված լոգասենյակ։ Բնակարանի պահարանները պատրաստված են ընկուզենու փայտից, իսկ խոհանոցային սեղանածածկերը՝ կարարյան մարմարից։ Դա բարձրարժեք մարմարի տեսակ է, որն արդյունահանվում է Իտալիայի Տոսկանա մարզի Ապուանյան Ալպերում։
Համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ կապված անշարժ գույքը վաճառքի է հանվում ոչ հաճախ։ Օրինակ՝ 2026 թվականի սկզբին Կալիֆոռնիայում վաճառքի է հանվել Մերիլին Մոնրոյի նախկին տունը՝ 3.3 մլն դոլարով։ Հայտնի ամերիկացի դերասանուհին այն ձեռք էր բերել իր մահից կարճ ժամանակ առաջ։
