Դոնալդ Թրամփ․ Թայվանը 4.4 մլրդ դոլար կներդնի Ալյասկայում գազային նախագծում
Թայվանը պարտավորվել է 4.4 մլրդ դոլար ներդնել ամերիկյան Alaska LNG գազային նախագծում և 20 տարվա ընթացքում գնել այնտեղ արտադրվող հեղուկացված բնական գազի 30%-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ալյասկա նահանգի Ուասիլա քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ նշելով, որ համաձայնագրի մանրամասները դեռևս հստակ չեն։
Նրա պնդմամբ՝ Թայվանի ներդրումները կլրացնեն այն 50 մլրդ դոլարը, որը Հարավային Կորեան խոստացել էր ուղղել այս նախագծին։ Սակայն ավելի վաղ Սեուլում հայտարարել էին, որ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, որը նույնպես ելույթ է ունեցել հանրահավաքում, հաստատել է, որ Թայվանը համաձայնել է 4.4 մլրդ դոլար ներդնել գազատարի զարգացման մեջ։ Alaska LNG նախագիծը նախատեսում է Ալյասկայի հյուսիսից բնական գազի փոխադրում, հեղուկացում և արտահանում։
Alaska LNG-ն ԱՄՆ Ալյասկա նահանգում բնական գազի արդյունահանման, փոխադրման և հեղուկացման խոշոր ծրագիր է, որի նպատակն է գազ մատակարարել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաներ։
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Թրամփը հայտարարել էր, որ Հարավային Կորեան շուրջ 200 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում էներգետիկ խոշոր նախագծերում։ Այդ գումարից մոտ 120 մլրդ դոլարը նախատեսվում է ուղղել Օհայո, Թենեսի, Հարավային Կարոլինա և Կենտուկի նահանգներում ութ խոշոր ատոմակայանների կառուցմանը։ Եվս 50 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի գումար նախատեսվում է ներդնել Alaska LNG նախագծում, իսկ ավելի քան 22 մլրդ դոլար՝ Տեխասում 6.5 ԳՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման մեջ։
