ԱՄՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ պետական պարտքի խնդիրը հնարավոր չէ լուծել միայն ՀՆԱ-ի աճի հաշվին
ԱՄՆ-ն չի կարողանա լուծել պետական պարտքի աճի խնդիրը բացառապես տնտեսական աճի հաշվին՝ առանց հարկային համակարգի և բյուջետային ծախսերի ճշգրտման։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
Նա չափազանց բարձր պարտքային բեռ ունեցող երկրների շարքում առանձնացրել է զարգացած տնտեսություններ ունեցող պետություններին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին։ Գեորգիևան նշել է, որ այդ երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը բացասաբար է անդրադառնում ցածր եկամուտներ ունեցող երկրների վրա՝ ստիպելով նրանց սահմանափակել սեփական փոխառությունների ծավալները։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ին անհրաժեշտ է ավելի խիստ հարկաբյուջետային քաղաքականություն, Գեորգիևան նշել է, որ երկրի բյուջեի պակասուրդի և պետական պարտքի մակարդակները չափազանց բարձր են, և դրանք անհրաժեշտ է նվազեցնել՝ հասցնելով ավելի ընդունելի ցուցանիշների։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մեծ հույսեր է կապում տնտեսական ուժեղ աճի հետ՝ ակնկալելով, որ այն կնպաստի պարտքի կրճատմանը։
«ԱՄՀ-ում մենք կարծում ենք, որ տնտեսական աճն, անշուշտ, օգնում է, սակայն այն չի կարող անհրաժեշտ փոփոխություններն ապահովել բավականաչափ արագ», – ասել է Գեորգիևան՝ ընդգծելով հարկային և բյուջետային քաղաքականության ոլորտներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Պետական պարտքի կրճատմանն ուղղված ավելի ակտիվ գործողությունների անհրաժեշտության մասին նշվել է նաև հոկտեմբերի 14-ին հրապարակված ԱՄՀ-ի Fiscal Monitor զեկույցում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ փոխառությունների արժեքի աճի պայմաններում նման միջոցառումների իրականացումը հետաձգելը միայն կբարդացնի առաջիկա տարիներին չափազանց բարձր պարտքային բեռի խնդրի լուծումը։
