Չինաստանը կտրուկ բարձրացրել է ռազմավարական մետաղների պաշարների գնահատականները
Չինաստանը հանքավայրերի համազգային վերագնահատման արդյունքում զգալիորեն բարձրացրել է մի շարք ռազմավարական օգտակար հանածոների, այդ թվում՝ ոսկու, նիկելի և ռենիումի պաշարների գնահատականները։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով երկրի բնական պաշարների նախարարության տվյալներին։
Ըստ գործակալության՝ ամենամեծ աճը գրանցվել է ռենիումի պաշարների գնահատականում՝ ավելի քան 200%։ Ոսկու պաշարների գնահատականի ավելացումը համարժեք է մոտ 50 խոշոր հանքավայրի, իսկ նիկելինը՝ 30-ի։ Զգալիորեն բարձրացվել են նաև գալիումի, ինդիումի, տանտալի և վանադիումի պաշարների գնահատականները․ յուրաքանչյուրի աճը համարժեք է ավելի քան 10 խոշոր հանքավայրի։
Վերագնահատման ընթացքում ուսումնասիրվել են ոչ միայն հարուստ հանքավայրերը, այլև ուղեկցող հանքաքարերը, ցածրորակ պաշարներն ու արդյունահանման տեսանկյունից բարդ տեղամասերը, որոնց ներուժը նախկինում հաճախ թերագնահատվել էր։
Մեկ տարի տևած ծրագիրն ընդգրկել է ռազմավարական հումքի 17 տեսակ և ավելի քան 1 800 գործող հանք ու հանքարդյունաբերական տեղամաս՝ Չինաստանի 27 վարչատարածքային միավորումներում։ Աշխատանքներին մասնակցել են ավելի քան 100 կազմակերպություն և շուրջ 2 000 մասնագետ։
Բացի այդ, Սինցզյանի Բայչեն շրջանում հայտնաբերվել է Չինաստանում առաջին՝ հնագույն գետային և լճային ծագման ցիրկոնի ցրոնային հանքավայրը։ Իշխանությունների գնահատմամբ՝ հայտնագործությունը կարող է զգալիորեն մեծացնել ցիրկոնի ներքին առաջարկը և նվազեցնել ներմուծումից կախվածությունը։
Ցիրկոնը ցիրկոնիումի ստացման աղբյուր է, որն օգտագործվում է միջուկային ռեակտորների վառելիքային ձողերի պատյանների և ավիացիոն ու հրթիռաշինական արդյունաբերության ջերմակայուն համաձուլվածքների արտադրության մեջ։ Ռենիումը նույնպես ռազմավարական նշանակության մետաղ է և կիրառվում է, մասնավորապես, ռեակտիվ շարժիչների բաղադրիչների համար նախատեսված ջերմակայուն համաձուլվածքներում։
