Իրանը տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին հասցրել է մինչև 15 մլրդ դոլարի վնաս
Իրանը կատարելագործել է իր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ պատերազմի սկզբից ի վեր Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին հասցնելով մինչև 15 մլրդ դոլարի վնաս։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով նոր զեկույցին և արբանյակային տվյալների վերլուծությանը։
Հորդանանում գտնվող Մուվաֆաք Սալթի ավիաբազայի վրա հարձակման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Իրանը զգալիորեն կատարելագործել է իր ռազմական մարտավարությունն ու հարվածների ճշգրտությունը։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, իսկ վնասվել է 19 շենք, որտեղ տեղակայված էին ԱՄՆ զինվորականները։
Ըստ WSJ-ի՝ իրանական հարվածները դարձել են ավելի ճշգրիտ՝ հնարավորություն տալով խոցել ավելի փոքր թիրախներ։ Սա վկայում է Իրանի ռազմական կարողությունների զարգացման մասին՝ հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարություններին, թե Թեհրանի հարձակողական ներուժը զգալիորեն թուլացել է։
Պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում իրանական հարվածներից վնասվել է առնվազն 119 շենք՝ ամերիկյան 13 ռազմական օբյեկտներում։ Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածներին, որոնք ոչնչացրել են Իրանի հրթիռային ենթակառուցվածքների զգալի մասը, Թեհրանը շարունակել է հարձակումները։
Հետագայում Իրանը խոցել է ևս 155 կառույց, իսկ վնասված ռազմական օբյեկտների թիվն ավելացել է ևս 13-ով։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 20 ամերիկացի զինծառայող, վիրավորվել՝ ավելի քան 400-ը։
Պենտագոնի գնահատմամբ՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաներին հասցված վնասը կազմում է առնվազն 5 մլրդ դոլար, սակայն դրա իրական արժեքը կարող է հասնել 15 մլրդ դոլարի։
Այս գումարը ներառված չէ Պենտագոնի ռազմական ծախսերի վերջին գնահատականում, որը կազմում է 47,1 մլրդ դոլար։
Չնայած Իրանի հարձակողական կարողությունների ոչնչացման մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարություններին՝ հաղորդվում է, որ ամերիկյան զինվորականները վերջին ամիսներին տարածաշրջանի որոշ բազաներից դուրս են բերում անձնակազմին՝ հնարավոր ճշգրիտ և ավերիչ հարվածների սպառնալիքի պատճառով։
Միաժամանակ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ավիահարվածները վերսկսելու հնարավորությունը, իսկ Թեհրանը սպառնում է պատասխան հարվածներ հասցնել ամբողջ տարածաշրջանում։ Պենտագոնի ներկայացուցիչները զգուշացնում են, որ Իրանի հնարավոր հակահարվածը կարող է լինել մինչ այժմ ամենամահաբերներից մեկը, քանի որ երկիրը, հավանաբար, պահպանել է իր ամենաժամանակակից հրթիռների մի մասը՝ ռազմական գործողությունների հաջորդ փուլի համար։
