ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ – ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի «ԱՐԹԻԿ» ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ
«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Արթիկ» եւ «Ախուրյան» մասնաճյուղերում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների դեպքեր: Ոստիկանության քննչական բաժանմունքում քննվող քրեական գործի նախաքննության նկատմամբ Շիրակի մարզի դատախազության կողմից պատշաճ դատավարական ղեկավարում իրականացնելու, ինչպես նաեւ ոստիկանության մարմինների ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է.
«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղի սպասարկման բաժնի պետ Ա. Հարոյանը, օգտվելով այն հանգամանքից, որ մասնաճյուղի դրամապահոցի մուտքի դռան բանալիներն օրվա աշխատանքային ժամերին իր մոտ են եղել, հափշտակել է դրամապահոցում պահվող եւ իր պահպանությանը հանձնված ընկերությանը պատկանող ընդհանուր առմամբ 15 699 875 ՀՀ դրամին համարժեք գումար: Մասնավորապես՝ 2009թ. հունվարի 8-ից մինչեւ հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում Ա. Հարոյանը յուրացման միջոցով հափշտակել է 5 540 264 ՀՀ դրամ, 24 900 ԱՄՆ դոլար, 199 000 ՌԴ ռուբլի եւ 1800 եվրո գումար՝ այն օգտագործելով անձնական կարիքների համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպք է գրանցվել նաեւ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Ախուրյանի» մասնաճյուղում: Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Վարոսյանը 2008թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում իր եւ իրեն ծանոթ տասը տարբեր մարդկանց անուններով, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ –ի «Ախուրյան»-ի մասնաճյուղի ոսկերիչ – գնահատող Հ. Բաղդասարյանի վստահությունը չարաշահելու միջոցով, ոսկու գրավադրմամբ բանկում կազմել է վարկային պայմանագրեր: Սակայն ոսկու փոխարեն ներկայացրել է դեղին մետաղից ոչ ոսկյա իրեր, գնահատման ակտերին չհամապատասխանող հարկի զարդեր: Կնքված 15 պայմանագրերով Կ. Վարոսյանն ստացել եւ խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 14 150 600 դրամ՝ այն օգտագործելով անձնական կարիքների համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: