
ՌԴ իշխանությունները պետական ընկերություններին պարտադրել են վաճառել արտարժութային պահուստների հիմնական մասը
Ռուսաստանի կառավարության որոշմամբ` արտահանող 5 խոշոր պետական ընկերություններ (ներառյալ` «Գազպրոմը», «Ռոսնավթը» և «Ալռոսան») առաջիկա երկու ամսում պարտավորվում են վաճառել իրենց արտարժութային խնայողությունների մեծ մասը` այսպիսով ՌԴ արժութային շուկան ապահովելով օրական 1 մլրդ դոլարի մուտքով: Առաջադրանքը պետք է կատարվի Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված գրաֆիկով:
Ռուսական որոշ լրատվամիջոցների տվյալներով` բոլոր հինգ ընկերությունների ներկայացուցիչներն էլ հրաժարվել են պաշտոնապես քննարկել կառավարության այս նախաձեռնությունը:
Արժութային շուկայում իրավիճակի մոնիտորինգ անցկացնելու նպատակով կառավարությունում արդեն ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ` առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի գլխավորությամբ: