Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+2.00
OIL:  BRENT - 74.08+0.90 WTI - 70.43+1.06
COMEX:  GOLD - 2745.30+0.03 SILVER - 34.27+0.03
COMEX:  PLATINUM - 1017.50-1.11
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31016.00-0.95
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3075.50-0.45
FOREX:  USD/JPY - 151.07+0.97 EUR/GBP - 1.0818-0.31
FOREX:  EUR/USD - 1.0818-0.31 GBP/USD - 1.2995-0.25
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42931.60-0.80 NASDAQ - 18540.00+0.27
STOCKS US: S&P 500 - 5853.98-0.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 38411.96-1.39 TOPIX - 2651.47-1.06
STOCKS CHINA:  HANG SENG - 20498.95+0.10 SSEC - 3285.87+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 8318.24-0.48 CAC40 - 7536.23-1.01
STOCKS EUR:  DAX - 19461.19-1.00
22/10/2024  CBA:  USD - 387.21+0.05 GBP - 502.33-1.87
22/10/2024  CBA:  EURO - 419.23-0.76
22/10/2024  CBA:  GOLD - 34066.31+302.52 SILVER - 423.27+23.39
Ռոբերտ Քոչարյան. ստեղծվել է երկրի սնանկացման սպառնալիք
08/04/2015 14:28
Կիսվել

Ռոբերտ Քոչարյան. ստեղծվել է երկրի սնանկացման սպառնալիք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

Պարոն նախագահ, հանրահայտ է, որ հենց Դուք էիք այն պետական ու քաղաքական գործիչը, ում շնորհիվ 17 տարի առաջ, 1998 թվականին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգ: Այսօր, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հեռանկարների մասին: Ինչո՞վ ենք մոտենում 100-ամյակին, և ո՞ր ուղղությամբ պիտի կենտրոնացնենք ջանքերը՝ մեր նպատակներին հասնելու համար:

Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից, հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են: Պատճառները շատ են, բայց գլխավորը ես կհամարեի Թուրքիայի եվրոպական ձգտումների ակնհայտ նվազումը, ինչը նշանակում է, որ նվազել է նաև հանդուրժողականություն և բարյացկամություն ցուցադրելու կարիքը: Հարևանների հետ խնդիրների զրոյացման  քաղաքականությունը ամբողջապես տապալվեց տարածաշրջանային խնդիրների կտրուկ բևեռացման պայմաններում: Թուրքիայի գործողություններն այսօր ուղղակի արտահայտում են նրա՝ տարածարջանում դոմինանտ դիրք ստանալու ահագնացած ձգտումները, իսկ դա նշանակալիորեն մեծացնում է Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշվարկներում: Այս ամենը միայն ուժեղացնում է Թուրքիայի կանխակալությունը Ղարաբաղյան հակամարտության հարցերում և ամենևին չի նպաստում ապաշխարությանը հեռավոր անցյալի իրադարձությունների համար:

Կարծում եմ, որ բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մեռելածին լինելով հանդերց, դրանք այնուամենայնիվ գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում: Իսկ չափազանցված, անիրականանալի սպասումները միշտ հանգեցնում են ելակետային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը  զսպելու հնարավորություն ստացավ: Ոչ մի տարբերություն չկա, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում ստորագրված փաստաթուղթը՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ԱԳՆ-ում: Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի: Այս ամենի հետ մեկտեղ, այսօր քչերն են հավատում հայ-թուքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրությունների իրագործումից:

Մենք չենք կարող պարզապես պատմություն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը, և ոչ միայն բարոյական նկատառումներով, այլև այն պատճառով, որ Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցը շարունակում է արդիական մնալ նաև հիմա: Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում: Ակնհայտ է, որ աշխարհը ավելի վտանգավոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտությունները, իրենց ծանրագույն հումանիտար հետևանք¬նե¬րով, շատացել են, և դրանք անմիջապես մեր կողքին են: Գլոբալ և տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն էլ առանձնապես չեն փոխվել:

Օգտվելով առիթից, անդրադառնանք ներքաղաքական կյանքի երկու ամենահրատապ հարցերին: Առաջինը՝ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումներն են: Մեկ անգամ Դուք արդեն արտահայտվել եք այդ առիթով: Սակայն այժմ մենք գտնվում ենք նոր փոլում. սկսվել են քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ, և հաջորդ տարվա սկզբին հանրության դատին կհանձնվի հիմնական օրենքի փոփոխության միանգամից երկու տարբերակ՝ անցում  կառավարման խորհրդարանական ձևաչափի կամ գործող համակարգի պահպանում: Փոխվե՞լ է արդյոք այս ընթացքում Ձեր վերաբերմունքը բարեփոխումներին ընդհանրապես: Կառավարման ո՞ր մոդելին եք Դուք տալիս նախապատվությունը:

Իմ տեսակետը չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում և վստահ եմ, որ Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ: Կրկնվեմ. երկիրը  անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից:
Աշխարհում կան թե նախագահական և թե խորհրդարանական համակարգի գործածաման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է:

Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակ-ցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը:

Այժմ կխնդրեի, որ անդրադառնաք  Բարգավաճ  Հայաստանի շուրջ ծավալված իրադարձություններին: Մամուլում մինչև հիմա հանդիպում են տարատեսակ, երբեմն ՝ տրամագծորեն հակառակ ասեկոսեներ ու մտավարժանքներ՝ կատարվածի մեջ Ձեր դերակատարության և ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած աղետից հետո Ձեր քաղաքական ապագայի մասին: Ոմանք կարծում են, թե Դուք սառնասրտորեն հետևեցիք դատաստանին և ոչինչ չարեցիք, որպեսզի փրկեք ԲՀԿ-ն, իսկ դա նշանակում է, թե Դուք ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեիք իշխանությունների հետ: Ուրիշները կարծում են, թե Դուք պարզապես չկարողացաք օգնել Ծառուկյանին, չկարողացաք փրկել «Ձեր» քաղաքական հենարան կուսակցությունը: Որտե՞ղ է ճշմարտությունը:

Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը:

Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝  նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը:

Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր:

Այսքանով հանդերձ, բոլորի համար ամենահրատապ հարցը մնում է հետևյալը. ի՞նչ է լինելու հետո: Կվատթարանա՞ իրադրությունը երկրում, թե՞ ընդհակառակը, հայտնվել են իրավիճակի բարելավման հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարելի է սպասել տեսանելի ապագայում՝ վատթարացո՞ւմ, թե՞ բարելավում:

Իսկ ի՞նչ է փոխվել երկրում, որ իրավիճակը բարելավվի: ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք: Այդ խնդիրներից շատերի մասին ես արդեն  խոսել եմ նախորդ հարցազրույցներում, ուստի չեմ ուզում կրկնվել:  Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում:

Դրականների շարքին ես կդասեի երկու հանգամանք, որոնք, իրականում, մեզնից կախված չեն:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը:

Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբե¬ջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները:

22/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.21
+0.05
Եվրո (EUR)
419.23
-0.76
Ռուբլի (RUR)
4.01
-0.02
Լարի (GEL)
141.84
-0.34
34066.31
+302.52
Արծաթ
423.27
+23.39