
Հայաստանի և Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
Հուլիսի 6-ին Լեհաստանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդիպել է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլևսկայայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսական քաղաքականության տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, ինչպես նաև առևտրի և ներդրումային համագործակցության հնարավորությունները:
Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլևսկայան խոսելով Հայաստանի և Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունների արդյունավետ համագործակցության մասին նշել է, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու գործում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Լեհաստանի փորձին` ազգային փորձարկման լաբորատորիաների ստեղծման և գործարկման բնագավառում` շեշտելով, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեհաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներկա վիճակին, ինովացիոն քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ենթակառուցվածների զարգացմանը և այլն:
Կողմերը կարևորել են երկու երկրների գործարաների միջև կապերը` շեշտելով, որ հենց գործարարների հետ համագործակցության ընթացքում է հնարավոր ստեղծել լավագույն պայմաններ բիզնեսի համար և բարելավել բիզնես միջավայրը:
Երկուստեք կարևորվել է տնտեսական քաղաքականության, առևտրատնտեսական և ներդրումային բնագավառներում երկու երկրների փորձի փոխանակման, ինչպես նաև նմանատիպ այցերի կազմակերպման անհրաժեշտությունը: