
Մեր երկրում գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 185 հազար դրամ է
Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 185.7 հազար ՀՀ դրամ, ընդ որում՝ պետական հատվածում աշխատողների միջին աշխատավարձը 161.2 հազար ՀՀ դրամ է, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը՝ 218.82 հազար ՀՀ դրամ:
Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել, իսկ մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է մոտ 4.9% աճ:
Նշենք նաև, որ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է (մոտ 226.5 հազար ՀՀ դրամ), իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում (շուրջ 126.5 հազար ՀՀ դրամ):
Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է մոտ 198 հազար ՀՀ դրամ: