Կենտրոնական բանկ․ Ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների» մրցույթի արդյունքները
ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանք էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի 50 ուսանող:
Մրցույթի վերջնական փուլին մասնակցեց 20 ուսանող, որոնց աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 7 ուսանողի՝ Ռուզաննա Թադևոսյանի (Արցախի պետական համալսարան), Աննա Բարսեղյանի (Երևանի պետական համալսարան), Լուսինե Դավթյանի (Երևանի պետական համալսարան), Շուշանիկ Գյոլչանյանի (Երևանի պետական համալսարան), Անժելա Պապիկյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ), Վահագն Հարությունյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Էրիկ Վարդանյանի (Հայաստանի ամերիկյան համալսարան) համար:
«Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 87 ուսանող: