Առաջարկվել է Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի մշակման և խթանման ծրագիր
Իսպանիայի Վալենսիա քաղաքում մարտի 29-ից ապրիլի 1-ը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհի շրջանակներում ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աշխատանքային խմբի նիստը:
Նիստին մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նոր և արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրեր` ուղղված Մետաքսի ճանապարհի շրջանակներում կայուն զբոսաշրջության զարգացմանը, ներկայացվել են ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ ստեղծված Արևմտյան Մետաքսի ճանապարհի զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունները, Արևմտյան Մետաքսի ճանապարհի` որպես կայուն զբոսաշրջային երթուղու զարգացման ռազմավարությունները, ինչպես նաև` Մետաքսի ճանապարհի գործունեությունը 2017թ.` կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարվա շրջանակներում: Ամփոփվել են նաև «ITB Berlin» ցուցահանդեսի շրջանակներում 2017թ. մարտի 8-ին կայացած Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 7-րդ հանդիպման արդյունքները:
Նիստի ընթացքում Մեխակ Ապրեսյանը հանդես է եկել ելույթով և առաջարկել ՄԱԿ ԶՀԿ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ), նաև մի քանի անդամ պետությունների համագործակցությամբ, Մետաքսի ճանապարհի շրջանակներում նախաձեռնել «Գինու զբոսաշրջություն» զբոսաշրջային արդյունքի մշակման և խթանման ծրագիր, ինչը մասնակիցների հավանությանն է արժանացել:
Մեխակ Ապրեսյանը մի շարք առանձին հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների հետ։ Մասնավորապես ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հետ քննարկվել է ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի նստաշրջանին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի օրակարգը, որը ներառում է նաև ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների թեկնածուների հաստատման և ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր քարտուղարի ընտրության հարցերը: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ ԶՀԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու Մետաքսի ճանապարհի շրջանակներում Հայաստանում կազմակերպվող միջոցառումների, այդ թվում ավանդական փառատոնների վերաբերյալ տեղեկատվությունը։
“Tripadvisor” ճամփորդությունների վերաբերյալ համաշխարհային կայքի տնօրեն Հելենա Էգանի հետ քննարկվել են կայքում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվությունն առավել ակտիվ տարածելու հնարավորությունները։
“Connecting travel” զբոսաշրջության արդյունաբերության գործարար համայնքի համաշխարհային կայքի միջազգային կապերի պատասխանատու Դանիելա Վագների հետ քննարկվել են Մեծ Բրիտանիայում Հայատանը և հայկական զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու, ինչպես նաև հայկական և բրիտանական մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև գործարար կապերի ձևավորման և զարգացման հնարավորությունները։